«Ուրախ եմ, որ այս պատմությունը լավ ավարտ ունեցավ, և մենք ավելորդ քաշքշուկների մեջ չընկանք»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց դերասան Նարբե Պողոսյանը` անդրադառնալով նրան, որ բրիտանական հայտնի The Daily Mail պարբերականը «Սոված արջերը ստիպված են հետևել, թե ինչպես են ընթրում Հայաստանի ռեստորանի այցելուները» աղմկահարույց հոդվածում տեղադրած լուսանկարում փակել է դերասան ամուսիններ Նարբե Պողոսյանի և Աստղիկ Ալավերդյանի և նրանց որդու դեմքերը:
«Ես ավելորդ արկածախնդրություն չեմ սիրում, պարզապես ուզում էի, որ այս պատմությունը ճիշտ ավարտ ունենար: Ես նամակ գրեցի Daily Mail–ին, խնդրեցի և պահանջեցի հեռացնել իմ և ընտանքիս անդամների լուսանկարը։ Ինձ մոտ կա այդ ամբողջ նամակագրությունը: Ես նրանց գրել էի և ասել իմ հետագա քայլերի մասին, թե ինչ եմ պատրաստվում անել, որ դատի կտամ, եթե պարբերականը հրաժարվի նյութից հեռացնել լուսանկարը»,- պատմեց Նարբեն:
Մեր այն հարցին` արդյո՞ք Նարբեին չի անհանգստացնում այն փաստը, որ լուսանկարը, այնուամենայնիվ, չի հեռացվել, դերասանը պատասխանեց, որ իր համար կարևորն այն է, որ խնդիրը լուծում է ստացել, որ բրիտանական պարբերականն արձագանքել է այդ խնդրին:
«Ես նամակի մեջ նշել էի նաև, որ լրագրողը ինձ չէր զգուշացրել, որ լուսանկարները կցվելու էին մի նյութի, որտեղ նշվելու էր, որ մենք ընթրում ենք սոված արջերի մոտ: Նրանք ինձ շնորհակալություն հայտնեցին, ասացին, որ անպայման կանդրադառնան խնդրին»,- Asekose.am-ի հետ զրույցում նշեց դերասան Նարբե Պողոսյանը:
Հավելենք, որ պարբերականը կրկին անդրադարձել է թեմային և տեղեկացրել, որ արջերից երկուսն արդեն ազատ են արձակվել։
Նշենք, որ ավելի վաղ անդրադառնալով աղմուկ բարձրացրած հոդվածին` Asekose.am-ի հետ զրույցում Նարբեն ասել էր. «Ինձ խաբել են, ես ինչ կապ ունեմ այն բանի հետ, թե արջը վանդակում է, թե ` ոչ: Ես գնացել մե ընդամենը հաց ուտելու, նրանք ցանկացել են նկարել մեզ, մենք էլ համաձայնվել ենք: Ինձ ընդհանրապես այդ արջերը չեն հետաքրքրել: Ինձ համար դա խայտառակություն չէ, քանի որ ես ոչինչ չեմ արել»:
Հիշեցնենք, որ բրիտանական հայտնի The Daily Mail պարբերականը օրերս հրապարակել էր «Սոված արջերը ստիպված են հետևել, թե ինչպես են ընթրում Հայաստանի ռեստորանի այցելուները» վերնագրով հոդված, որում դերասան Նարբե Պողոսյանը կնոջ` Աստղիկ Ալավերդյանի և որդու հետ ճաշում էր այն ռեստորանում, որտեղ արջերը գտնվում են վանդակներում` անմխիթար վիճակում:
Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան