▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեղին չէ Սիրիա զինված ջոկատներ ուղարկել կամ նման կոչերով հանդես գալ

Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված վերջին շրջանում տարբեր կարծիքներ և գնահատականներ հնչեցին: Խնդիրն ակտիվորեն լուսաբանվեց նաև միջազգային լրատվամիջոցների կողմից: Ներկայացվեցին նաև իրարամերժ ու հակասական բնույթի տեղեկություններ, որոնք մտահոգության տեղիք են տալիս: Հարցը պահանջում է կշռադատված ու սթափ մոտեցում: Վերջին շրջանում գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումներ են տեղի ունենում գերտերությունների անմիջական մասնակցությամբ և այդ իրադարձությունների ալիքը փորձում է ալեկոծել նաև մեր տարածաշրջանը: Նման բարդ և նուրբ իրավիճակում ցանկացած ոչ սթափ և անհեռատես քայլ կարող է վտանգել ոչ միայն սիրիահայերի, այլև Արցախի ու Հայաստանի խաղաղությունը: Աշխարհը կրկին թևակոխել է գերտերությունների շահերի առճակատման բացահայտ ժամանակաշրջան ու նման իրավիճակում ցանկացած երկիր կարող է հայտնվել ուժային կենտրոնների շահերի բախման կիզակետում և ցնցվել: Դառնալով մաքսային միության անդամ, միենույն է, Հայաստանի և Արցախի անվտանգության ու անկախության թիվ մեկ երաշխավորը Հայաստանի զինված ուժերն են, որոնք պատվով կատարում են իրենց առջև դրված առաջադրանքը: Ամբողջ ռակուրսով չվերլուծելով իրավիճակը՝ տեղին չէ Սիրիա զինված ջոկատներ ուղարկել կամ նման կոչերով հանդես գալ: Ինֆորմացիոն դաշտում Նման կոչերի և առաջարկությունների սփռումը կարող է խնդիրներ հարուցել մեր երկրի համար: Յուրաքանչյուրս գտնվենք մեր տեղում և մեր չափով նպաստենք Հայրենիքի առաջընթացին ու կայունությանը: Աշխատելով՝ ոչ թե կոչերով ու ազդեցիկ երևալով:

Սասուն Բաղինյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին