ՀՀ մշակույթի նախարարության և Վանաձորի քաղաքապետարանի աջակցությամբ, մայիսի 17- ին, Ժամը 19:00 -ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում կկայանա Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի համերգ-ներկայացումը` Գյումրու Վ. Աճեմյանի և Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնների մասնակցությամբ: Թատերականացված համերգ–ներկայացման բեմադրիչներն են Գյումրու դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն ու ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը:
Շուրջ 60 տարվա ստեղծագործական տարեգրություն ունի Վանաձորի «Հորովել» երգի-պարի պետական անսամբլը, որի պատմությունը սկիզբ է առնում դեռևս գյուղաքաղաք Ղարաքիլիսայում գործող դուդուկահարների ոչ մեծ խմբից`1958 թվականին: 14 տարվա ստեղծագործական բեղուն աշխատանքների և կատարելագործման շնորհիվ, 1972թ-ին հաշվի առնելով անսամբլի բարձր կատարողականությունը և արտիստների վարպետությունը, նրան շնորհվել է պետական անսամբլի կարգավիճակ` վերանվանելով՝ «Հորովել» երգի-պարի պետական անսամբլի: Անսամբլում, տարբեր տարիներում աշխատել են՝ ՀՀ ժողովրդական արտիստներ Վանուշ Խանամիրյանը, Վիլեն Գալստյանը, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Վաղարշակ Կոտոյանը, Ազատ Ղարիբյանը, բեմադրություններ է արել ՀՀ վաստակավոր արտիստ Արտյուշա Կարապետյանը և շատ ու շատ հայտնի անհատականություններ, ովքեր իրենց բարձրարժեք ստեղծագործություններով «Հորովել»-ի համբավը դուրս բերեցին հանրապետության սահմաններից: Այս են վկայում անսմբլի բամաթիվ հյուրախաղերը արտերկիր և տարբեր միջազգային փառատոնների մասնակցությունը, որտեղից վերադառնում էին մրցանակներով, հանդիսատեսի և մասնագետների բարձր գնահատականներին արժանանալով:
2013 թվականին «Հորովել» երգի-պարի անսամբլի տնօրեն և գեղարվեստական ղեկավար է նշանակվել Արմեն Ներսիսյանը, ով երկար տարիներ անսամբլում աշխատել է որպես մեներգիչ: Երաժշտական մասի ղեկավարն է Էլմիրա Կռոյանը,իսկ գլխավոր բալետամայստերը` Արայիկ Գևորգյանը: «Հորովել» երգի-պարի պետական անսամբլը այսօր էլ, հավատարիմ իր սկզբունքներին շարունակում է տարիների ընթացքում ձևավորված ավանդույթները և շոշափելով ժամանակի զարկերակը, զգալով դարի շունչը հայ ժողովրդական երգն ու պարը տարածում է ամբողջ աշխարհով` ի հեճուկս մշակութային համընդհանրացման: Այս Համերգ- ներկայացումը իր բովանդակությամբ, հայ ժողովրդական երգի ու պարի միջոցով կվերարժևորի ազգային մշակույթի ծիսատոնական երևույթների պահպանման ու տարածման կարևորությունը:
Մայիսի –17-ին կայանալիք Համերգ-ներկայացման Վանաձորյան պրեմիերայից հետո անսամբլը նույն ծրագրով, հյուրախաղերով հանդես կգա ԼՂՀ-ում`Ստեփանակերտում, իսկ սեպտեմբեր ամսին` Գյումրիում:
Սկսած ապրիլի 11–ից, վեց շաբաթ շարունակ, «Արմ նյուզ», «ֆորտունա», և «Ցայգ» հեռուստաընկերությունների եթերում կցուցադրվի համերգի նախապատրաստական ընթացքի մասին պատմող ֆիլմեր, որոնք կունենան «Հորովելյան շաբաթ» խորագիրը:
Գործադիր պրոդյուսեր` Արամ Կարապետյան: