Մեր ժամանակաշրջանում, երբ ցանկացած տեղեկատվության տիրապետելն ընդամենը հաշված րոպեների խնդիր է, որևէ լրատվամիջոցի կողմից մեկ այլ լրատվամիջոցի տեղեկատվության վերահրատարակումը միանգամայն օրինաչափ է` հատկապես երբ չի խախտվում հեղինակային իրավունքը:
Հանրային դաշտում տեղ գտած ցանկացած տեղեկատվություն արդեն իսկ հանրության սեփականությունն է, և լրատվամիջոցի`այս կամ այն իրադարձությանը հնարավորինս օպերատիվ արձագանքելու ցանկությունը, կարծում ենք, ևս օրինաչափ է:
Առաջին հայացքից թվում է` որևէ խնդիր չի կարող առաջանալ, հատկապես երբ օրենքի պահանջ համարվող հղումը` այն էլ ակտիվ լինկով, սկզբնաղբյուրին արվում է պատշաճ կարգով:
Վստահ լինելով, որ հեղինակային իրավունքը և այն չխախտելու պահանջը լրագրության ոլորտի սուրբ կանոններից է, որոշեցինք ճշտել, թե արդյոք իրավական հիմք ունի լրատվական կայքի` իր լրահոսից որևէ նյութ վերահրապարակելն ուրիշ լրատվամիջոցներին արգելելը, կամ դիցուք այդ հրապարակումից առաջ գրավոր թույլտվություն ստանալու պահանջը, եթե հրապարակման մեջ հստակ նշված է աղբյուրը` ակտիվ հղումով:
ASEKOSE.am-ի թղթակիցը նշված խնդրի շուրջ փորձել է պարզաբանումներ ստանալ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանից: Մեր հարցին ի պատասխան` նա մեկ անգամ ևս հաստատել է.
«Եթե հրապարակման մեջ առկա է հղումը, եթե այն պատշաճ կարգով է արվել, ապա լրատվամիջոցն իրավունք չունի նման պահանջ ներկայացնելու: Բոլորը կարող են օգտվել հրապարակային աղբյուրից` իհարկե չմոռանալով վկայակոչել աղբյուրը»:
Հեղինակային իրավունքի մասին օրենքի պահանջը հստակ է. Որևէ հրապարակում վերահրապարակելու դեպքում պարտադիր է աղբյուրը վկայակոչել: Այս պարագայում արդեն իսկ լրատվամիջոցը գործում է օրենքին համապատասխան` առանց որևէ խախտում թույլ տալու:
Նշված խնդրի վերաբերյալ զրուցեցինք նաև Երևանի մամուլի ակումբի իրավաբան Իռեն Ալոյանի հետ.
«Եթե խոսքը վերաբերում է օրվա լրահոսին, աղբյուրը վկայակոչելը միանգամայն բավարար է: Ընդամենը հղում կատարվելով` արդեն իսկ օրենքը չի խախտվում: Այսինքն` օրվա լրահոսի դեպքում լրատվամիջոցի` գրավոր թույլտվություն ձեռք բերելու պահանջն արդարացված չէ: Իսկ եթե ստեղծագործություն է, յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է ինչ-որ կերպ «պաշտպանել» իր հեղինակային իրավունքը, ինքն ընտրելով այդ եղանակը: Դա ևս օրենքի խախտում չէ: Այսինքն` նման պարագայում կողմերից ոչ մեկը օրենքը չի խախտում: Վերահրապարակողը հարգել է հեղինակային իրավունքը, սակայն պահանջողը ևս օրենքը չի խախտել»:
Իրավաբանի խոսքով` «Օրենքը չի պարտադրում նման բան, բայց նաև չի արգելում»:
Յուրաքանչյուր լրատվամիջոց, փաստորեն, կարող է ընտրել իր հեղինակային իրավունքը պաշտպանելու նաև այլընտրանքային եղանակը:
Հ.Գ.
Իսկ բովանդակությունը ժպիտ առաջացրեց.
Պարզվում է, ըստ լրատվամիջոցի, հայկական լրատվական կայքերից մեկը 87- ամյա Սոնիա Պերեսի մահվան մասին լուրը ուշացրել է ավելի քան 6 ամիս: Պերեսը մահացել էր հունվարի 20-ին, իսկ հայկական լրատվամիջոցի կողմից արտատպված լուրը տեղադրվել է հունիսի 2-ին:
Ինչպես ասում են` առանց մեկնաբանության:
Հեղինակ`
Հասմիկ Գյոզալյան