▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեր, որ էլ երբեք չի լքելու Էրգիրը...

«Անիտուր»  տուրիստական  գործակալության գրասենյակում շատ մասունքներ կան Արևմտյան Հայաստանից:

 Դրանցից մեկը Վան քաղաքից հարավ-արևելք`  Վարագ լեռան արևմտյան լանջին գտնվող Վասպուրականի նշանավոր Վարագավանքի բանալին է:

Այն  «Անիտուր» տուրիստական   գործակալության ղեկավար Վոլոդյա Առուշանյանին նվիրել է քուրդ Մեհմեդն, ում հայրը,  փոխանցելով վանքի բանալին որդուն, ասել էր, որ իրենց  գյուղում գտնվող կիսավեր կառույցը հայկական  սրբավայր է և պատվիրել է պահպանել այն: 

Մեհմեդը բանալին նվիրել է Վոլոդյա ու Հռիփսիմե Առուշանյաններին` հաշվի առնելով նրանց մշտական հոգածությունը  Վարագավանքի նկատմամբ:

Արևմտյան Հայաստան «Անիտուր»-ի կազմակերպած  ուխտագնացությունների կարևոր հանգրվաններից է Վարագավանքը, ուր այցելող հայերը խաչհամբույրի նվիրատվություն են թողնում քուրդ Մեհեմդին` այդպիսով մաս կազմելով Արևմտյան Հայաստանի այս գողտրիկ ու սուրբ  անկյունի պահպանմանը:

«Անիտուր»-ի շնորհիվ իրենց պապերի հայրենիքը այցելողները զգում են կորցրածի մեծությունը` հատկապես, երբ այն տեսնում են սեփական աչքերով: «Երնեկ քո աչքերին»,-ասում էին ուխտագնացության մասնակիցներին նրանց հարազատները, ում   յուրաքանչյուր  երեկոյան հեռախոսով մարդիկ  պատմում  էին  իրենց տեսածի ու զգացածի մասին:

Իսկ ուխտագնացության  կազմակերպիչ  «Անիտուր»-ի   ղեկավարներն   իրենց  բացառիկ իրազեկությամբ պատմում էին  ամեն  մի վայրի մասին` նաև համբերությամբ պատասխանելով  յուրաքանչյուրի հարցերին` այդ թվում իրենց հետաքրքրսիրությամբ աչքի ընկնող  երկու օտարերկրացու` ավստրիացի Ստեֆանին ու ռուս Կոնտանտինին:

«Անիտուր» տուրիստական   գործակալության ղեկավար Վոլոդյա Առուշանյանի խոսքով` Արևմտյան Հայաստան ուխտագնացության բոլոր մասնակիցները հայրենասերներ ու հայրենապաշտեր են, իսկ  ուխտագնացությունների  օտարազգի մասնակիցները դառնում են հայապաշտ ու հայասեր,քանի որ  Արևմտյան Հայաստան այցելությունից հետո ավելի են ճանաչում ու գնահատում  մեր ազգի պատմությունն, ուժը, հավատն ու կարոտի զգացողությունը:  

Իսկ հայի, հայոց լեզվի ու հայերեն աղոթքի կարոտն ամենուր էր Արևմտյան Հայաստանում` ուխտագնացության բոլոր կանգառներում` Մուշի հայկական թաղամասում ու սուրբ Մարինե եկեղեցում, Մհերի դռան տարածքում, Կարսի սուրբ Առաքելոց եկեղեցում....

Ուխտագնացության գլխավոր իրադարձությունը  Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում տեղի  ունեցած`  վերաբացումից հետո 5-րդ պատարագն էր, որին մասնակից հայերը իրենց աղոթքներում նաև այն մեկ նվիրական  ցանկությունն ունեին, որ մի օր այս հողերի վրա իրենք ու իրենց զավակները  կանգնեն ոչ թե իբրև զբոսաշրջիկ,այլ ` տեր: Տեր,  որ էլ երբեք չի լքելու Էրգիրը...   

Հեղինակ`

Անի Հարությունյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին