Պոլսի հայոց պատրիարքարանում պատրիարքական փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի գլխավորությամբ երեկ երեկոյան հրավիրվել է հոգեւոր խորհրդի ժողով: Ժողովի ժամանակ քննարկվել է պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի առողջական խնդրի հետ կապված պատրիարքարանում ստեղծված իրավիճակը։
Ժողովին մասնակից հոգեւորականները համակարծիք են եղել, որ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը 2008 թվականից փաստացի որպես պատրիարք հոգեւոր ծառայություն չի կարողանում մատուցել եւ պետք է հայկական եկեղեցու կանոններին համապատասխան ստեղծված իրավիճակից դուրս գալու որոշում կայացվի: Ձայների մեծամասնությամբ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը որպես «հանգստյան կոչված պատրիարք» է ճանաչվել:
«Պատմականորեն այնպես է ստացվել, որ Թուրքիայի հայությունը Կ.Պոլսի պատրիարքությունից բացի չունի կառավարման այլ մարմին, որը կարող է հայության շահերը ներկայացնել թուրքական իշխանություններին»,-ասաց թուրքագետ Ռոբերտ Մելքոնյանը:
Նրա փոխանցմամբ՝ Մեսրոպ Մութաֆյանն անբուժելի հիվանդությամբ է տառապում, և համայնքը ղեկավարում էր արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, ով ոչ միայն չի լուծել համայնքի խնդիրներն, այլև նորերն ի հայտ եկան.
«Համայնքի և պատրիարքության միջև անջրպետ ստեղծվեց, ինչն աննախադեպ էր: Ինչ վերաբերում է եկեղեցական բարձրագույն մարմնի որոշմանը, ապա այն վաղուց պետք է արվեր, քանի որ եթե գահակալը չի կարողանում իրականացնել իր պարտականությունները, ապա նոր ընտրություն է անցկացվում: 8 տարի է՝ համայնքին հուզում էր այն հարցը, թե ինչո՞ւ Աթեշյանը չի դիմում Թուրքիայի ՆԳՆ-ին՝ պատրիարքի ընտրության անցկացման համար: Այս անհարկի ձգձգումը ոչ մի պատճառաբանություն չի կարող ունենալ, որովհետև առնվազն 6 տարի է միայն Մեսրոպ Մութաֆյանի սիրտն է աշխատում, և բժիշկների ասելով՝ երբ որ անջատեն սիրտը սնուցող սարքը, նա կդադարի ապրել»,-նշեց թուրքագետը:
Իսկ ինչո՞ւ հիմա այս որոշումն ընդունվեց հարցին Ռոբերտ Մելքոնյանը պատասխանեց.
«Առաջինն այն է, որ Մայր Աթոռը բազմիցս հորդորել է պատրիարքական փոխանորդին՝ ընտրություն անցկացնելու համար, սակայն Աթեշյանը հրաժարվում էր կատարել հորդոր-հրահանգը, և երկրորդ՝ Բունդեսթագի հայտնի որոշումից հետո Աթեշյանի արձագանքն առաջացրել էր աշխարհասփյուռ հայության զայրույթն ու կարևորում էին պատրիարք ունենալը: Պետք է նշել նաև, որ Աթեշյանը բազմիցս հայտարարել, որ պատրաստվում է դիմել ՆԳՆ, հետո ասել է, որ չի դիմել: Ցավով պետք է արձանագրել, որ նա տարիներով ստել է»:
Մեծ ինտրիգ է թաքնված նաև թեկնածուների հարցում.
«Նրանք երեքն են.Առաջինը Արամ Աթեշյանն է, ով տարատեսակ սկանդալների կիզակետում է եղել, ունի ցածր վարկանիշ, երկրորդը Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին Պեգճյանն է, երրորդը՝ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանն է, ով ծնվել է Թուրքիայիում: Եթե լինի արդար ընտրություն, ապա շատ հետաքրքիր իրավիճակ կստեղծվի: Թեկնածուներից մեծ շանսեր ունեցողը հայաստանցի արքեպիսկոպոս Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանն է՝ նախ որպես համարձակ եկեղեցական, հաշտեցման կողմնակից: նա կարող է կամուրջի դեր խաղալ աշխարհասփյուռ և պոլսահայ հայության միջև»,-մանրամասնեց Ռոբերտ Մելքոնյանը:
Նրա փոխանցմամբ՝ ընտրությունը կատարվում է հետևյալ կերպ.առաջին օրն ընտրում են 80 պատվիրակների, երկրորդ օրը՝ այս 80-նն ընտրում են պատրիարքին:
«Եթե ընտրություններն առանց ճնշումների անցկացվեն, կարող է ստեղծվել հետևյալ իրավիճակը. Պոլսի պատրիարք կընտրվի հայաստանցի թեկնածուն և դրանով գուցե դե ֆակտո հայ-թուրքական դիվանագիտական օղակ ստեղծվի»,-ասաց թուրքագետը:
Նա չի բացառում, որ թուրքական իշխանությունները կարող են ձգձգել այս ընտրությունը:
«Կարծում եմ՝ Աթեշյանի վարկաբեկված հեղինակությունն այլևս հնարավոր չէ ձգել և, միգուցե, իր այս քայլով գնդակը Աթեշյանը փոխանցում է թուրքական իշխանություններին և երևի մի 8 տարի էլ նրանք ձգեն ընտրությունը, եթե այդպիսին է նրանց քաղաքական հաշվարկը»,-եզրափակեց Ռոբերտ Մելքոնյանը:
Անի Կարապետյան