«Հրապարակը» հետաքրքիր մանրամասներ է հրապարակել քրեական հեղինակություն Թեւոս Սաֆարյանի՝ Թեւոսիկի մասին, ում եղբորը օրեր առաջ սպանել էին Երեւանում: «Ժամանակին նա մեծ փոթորիկներ է արել նաեւ Մոսկվայում, որտեղ նկատելի ֆիգուր էր դեռ 90-ականներին: Հիշարժան է «տոմսերի» պատմությունն այն մասին, թե ինչպես 1994 թ. մարտին ՀՀ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում վնասազերծեց Թեւոսիկի ղեկավարությամբ գործող հայերից կազմված հանցագործ խմբին, որի անդամները գոյություն չունեցող մարդկանց անուններով գնում էին ինքնաթիռների տոմսեր եւ մի քանի անգամ թանկ վերավաճառում Երեւան թռչողներին: Այն ժամանակ Սիրադեղյանի հանձնարարությամբ օպերատիվ խումբը հասարակ քաղաքացիների անվան տակ Մոսկվայում Թեւոսիկի խմբի անդամներից թանկ տոմսեր գնեց, ապա պահանջեցին նրանցից, որ իրենց ուղեկցեն ինքնաթիռ, քանի որ գնված տոմսերն ուրիշների անուններով էին: Բանդիտները, որոնք գործում էին Մոսկվայի իրավապահների տանիքի տակ եւ ազատ ելումուտ ունեին ինքնաթիռ, կատարեցին պահանջը եւ կալանավորվեցին հենց շարժասանդուղքի տակ: Թեւոսիկի անունը, որպես գլխավոր կասկածյալի, շոշափվեց 1998 թ. Մոսկվայում սպանված հայ բիզնեսմենի՝ ոմն Հովսեփյանի սպանության գործում, սակայն նրան հարցաքննել չհաջողվեց, քանի որ նա ինչ-որ հրաշքով արտասահմանյան անձնագիր ստացավ եւ, ըստ մոսկովյան մամուլի, մեկնեց Եվրոպա, հետագայում խնդիրներ ունենալով Բելգիայի, Շվեյցարիայի եւ Իտալիայի իրավապահների հետ»: Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: