«Կինը և հասարակությունը» տեղեկատվական-վերլուծական պորտալը գրում է. Կարելի է ասել, որ կյանքը Շիրակի մարզի Ամասիա գյուղում սկսեց փոխվել 1999 թվականից: Այդ տարեթիվը գյուղի համար նշանավորվել է նրանով, որ Մերի Մելիքյանը Գյումրիից հարս եկավ այստեղ: Իր ակտիվ եւ ստեղծարար գործունեության շնորհիվ նա շատ բան է փոխել եւ դեռ փոխում է հեռավոր Ամասիայում:
«Երբ նոր էի հարս եկել, մտածում էի` ի՞նչ կարելի է անել այստեղ: Իսկ, երբ տղաս ծնվեց այս շենքի շուրջն էի անընդհատ պտտվում ու մտածում, որ կարելի է մի հասարակական կազմակերպություն ստեղծել, կարելի է տիկնիկային թատրոն ունենալ, բեմ ստեղծել, ծրագրեր անել, երեխաների համար մարզասրահ ունենալ: Եվ մի երկու տարի հետո ՀԿ-ն դարձավ իրականություն»,- պատմում է Մերին:
Մերի Մելիքյանը սեփական նախաձեռնությամբ մանկապարտեզ է հիմնել Ամասիայում: «Զանգում էի ծանոթ կանանց, հարցնում էի` կբերե՞ք երեխաներին: Երկու կին էի գտել, որոնք պատրաստ էին կամավոր աշխատել: Տնից հաց էինք բերում, հետո այստեղ էինք հաց թխում: Բոլորը շատ մեծ սիրով էին աշխատում, ես նրանց ասում էի` ոչ ոք չի անի մեր երեխաների համար, մենք ինքներս պիտի անենք»,- հիշում է Մերի Մելիքյանը:Հետագայում մանկապարտեզն այնքան է հզորացել, որ պետական գրանցում է ստացել եւ այժմ 15 գյուղացիներ (12 կին եւ 3 տղամարդ) աշխատում են գյուղի մանկապարտեզում: Մերին երկու տարի աշխատել է որպես մանկապարտեզի տնօրեն, ապա դուրս է եկել աշխատանքից` շարունակելով հասարակական կազմակերպության հզորացումը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում