«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում գտնվող նախկին զորամասի շենքերն ու շինությունները շուտով նոր սեփականատեր են ունենալու:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դրանք Պաշտպանության նախարարությունը կնվիրվի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն: Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության` դրանց հետագա օգտագործումը գտնվել է ոչ նպատակահարմար, որն էլ անհատույց կտրամադրվի Հայ առաքելական եկեղեցուն`ըստ առկա կարիքների օգտագործելու համար: Խոսքը 10518.2 քմ, 518 հազար 221 դրամ հաշվեկշռային արժեքով շենք-շինությունների մասին է:
Ըստ որոշ տեղեկությունների` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսն այնտեղ նախատեսում է հոգեւոր կենտրոն կառուցել կամ էլ եկեղեցի: Հատկանշական է փաստը, որ տեղի իշխանություններն ամենեւին տեղյակ չեն եղել այս ամենից:
Գետահովիտի գյուղապետ Արթուր Ղազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ այդ տարածքները Հայ Առաքելական եկեղեցուն տրամադրելու վերաբերյալ իրեն պաշտոնապես չեն տեղեկացրել:
«Մենք թռուցիկ լսել ենք, որ դա հանձնվելու է եկեղեցուն: Նախկինում այդ տարածքում գործել է պանսիոնատ: Այդ շենք-շինությունները բավականին նորմալ վիճակում են: Մոտ 4 հա է կազմում այդ տարածքը»,- լրացրեց գյուղապետը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում