«Տաշիր» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշել է ընդունել գործընկերության առաջարկն ու ֆինանսավորել «Արմենիա» հեռուստաընկերության եթերում նախատեսվող «Ամենախելացին» ինտելեկտուալ խաղի կազմակերպումն ու անցկացումը, որի մասին այսօր եռակողմ հուշագիր ստորագրեցին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, «Արմենիա» հեռուստաընկերությունը և ՀՀ կրթության ու գիտության նախարարությունը:
«Արմենիա» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Բաբախանյանը մանրամասներ ներկայացրեց միջազգային այս խաղի մասին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, շեշտելով, որ տարիներ շարունակ նախարարությունն արդյունավետորեն համագործակցում է հեռուստաընկերության և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հետ՝ վստահություն հայտնեց, որ այս ծրագիրը ևս մեծ հաջողություն է ունենալու: Կարևորելով կրթության դերը՝ ԿԳ նախարարը հույս հայտնեց, որ նման նախագծերի շնորհիվ հնարավոր կդառնա ի հայտ բերել իրապես տաղանդավոր երեխաների: Պարոն Աշոտյանը շեշտեց, որ առավել տաղանդավոր երեխաներին անակնկալ է սպասվում:
Շնորհակալություն հայտնելով նախարարությանն ու հիմնադրամին՝ երկար սպասված նախագիծը կյանքի կոչելու գործում համագործակցության համար, «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ի գլխավոր տնօրեն Արմեն Արզումանյանը շեշտեց, որ իրապես հզոր հեռուստաընկերությունն է ի վիճակի նման պատասխանատու ծրագիր իրականացնել:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը նշեց, որ հիմնադրամը պարբերաբար բազմաթիվ առաջարկներ է ստանում՝ իրականացնելու տարաբնույթ ծրագրեր, այդ թվում նաև կրթության ոլորտում: Բոլոր առաջարկները մանրամասն քննարկվում են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում և հավանության են արժանանում այն ծրագրերը, որոնք առավել նպատակային են, ընդգրկուն և նպաստում են մտավոր ներուժի զարգացմանը: Նարեկ Կարապետյանի խոսքերով, Կարապետյանների ընտանիքի ընտանիքի համար միշտ էլ կարևոր է եղել հնարավորությունների սահմաններում նպաստել մտավոր ներուժի ակտիվացմանը: «Այդ իսկ պատճառով մենք հավանություն տվեցինք այս ծրագրին՝ նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծրագրում ներգրավված է ոլորտի պատկան մարմինը՝ ի դեմս ՀՀ կրթության և գիտության նախարարության: Գաղտնիք չէ, որ մենք տարիներ շարունակ համագործակցում ենք նախարարության հետ և արդեն իսկ իրականացրել ենք մի շարք ծրագրեր՝ այդ թվում բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների և իրենց աշխատանքում առավել աչքի ընկած մանկավարժների խրախուսման ուղղությամբ»,-նշեց Ն. Կարապետյանը՝ հավելելով, որ մտավոր զարգացման մակարդակի, աշխարհայացքի ձևավորման տեսակետից շատ կարևոր է ուշադրություն դարձնել կրթության դարբնոցին՝ դպրոցին: «Կարծում եմ՝ այս մրցույթով հնարավոր կլինի դեռևս դպրոցից, ակունքներից հայտնաբերել տաղանդավոր երեխաներին: Սակայն պակաս կարևոր չէ հետագայում ևս առավել տաղանդավոր, շնորհաշատ երեխաներին պահել ուշադրության կենտրոնում: Կարծում եմ՝ սա վերաբերում է թե հեռուստաընկերությանը, թե մեզ, թե կրթության և գիտության նախարարությանը»,-ասաց Կարապետյանների ընտանիքի ներկայացուցիչը:
Նշենք, որ «Ամենախելացին» միջազգային ինտելեկտուալ շոու է և հայտնի է ամբողջ աշխարհում: Հեռուստախաղն անցկացվում է 2 տարիքային խմբերում՝ 12-13 եւ 15-16: Հեռուստախաղը բաղկացած է 3 փուլերից, որոնց արդյունքում յուրաքանչյուր 12 մասնակցից առավելագույն միավորներ վաստակած մասնակիցներն անցնում են եզրափակիչ փուլ, որտեղ էլ հայտնի է դառնում, թե ով է «Ամենախելացին»:
Լուսանկարներն` ԱրմենՊրեսս-ի