▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքի մարզպետարանի հայտարարությունը. Ինչ է տեղի ունեցել մարզպետի առանձնատան մոտ

Սյունիքի մարզպետարանի հայտարարությունը.
Սյունիքի մարզպետարանը, ափսոսանք հայտնելով 2013թ. հունիսի 1-ի երեկոյան մարզպետի առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպի առիթով, միաժամանակ ուշի-ուշով հետեւում է կատարվածի վերաբերյալ հրապարակումներին ու մեկնաբանություններին եւ ծավալված հանրային քննարկումներին։ Պաշտոնական տեղեկատվության սղության ու ոչ ամբողջականության պատճառով, որ պայմանավորված է նախաքննության առանձնահատկություններով, ամեն օր սփռվում են տասնյակ նյութեր, որոնք շատ դեպքում տարակուսելի են ու աղավաղում են իրողությունը, հասարակությանը մոլորության մեջ գցելու ճիգեր գործադրում եւ լրացուցիչ լարվածություն հաղորդում Սյունիքի եւ մասնավորապես Գորիսի հանրային մթնոլորտին։ Մենք ձեռնպահ ենք մնում այդ հրապարակումներին արձագանքելուց՝ նախաքննական մարմնի աշխատանքին չխանգարելու համար եւ հույս հայտնում, որ տեղի ունեցածն ամենայն օբյեկտիվությամբ կքննվի ու կստանա համապատասխան գնահատական։ Այդուհանդերձ, կա մի հարց՝ սկզբունքային նշանակություն ունեցող, որի մասին չենք կարող չխոսել, որի շուրջ լռություն են պահպանում անգամ շահագրգիռ մարմիններն ու լրատվամիջոցները։ Խոսքը ողբերգական միջադեպի բուն ընթացքի մասին է, որն արտացոլված է մարզպետի առանձնատան բակում տեղադրված երկու տեսախցիկի միջոցով։ Ի դեպ, տեղի ունեցածի բուն ընթացքը (առայժմ մի կողմ թողնենք նախորդող եւ հաջորդող իրադարձությունները) առաջին հերթին նաեւ մեզ է հետաքրքրել ու հետաքրքրում, քանի որ խոսքը մեր ղեկավարի՝ Սյունիքի մարզպետի մասին է։ Մարզպետարանի ներկայացուցիչները մարզպետի գորիսյան բնակարանում դիտել են դեպքի բուն ընթացքի տեսագրությունը, որի համառոտ բովանդակությունը ներկայացնում ենք ստորեւ։
Եվ այսպես՝ հունիսի 1-ին, ժամը 22.00-ի սահմաններում մարզպետի երկու որդին առանձին-առանձին, իրենց մեքենաներով տուն են գալիս։
Ժամը 22.16-ին մարզպետն է տուն վերադառնում, որից հետո ամբողջ ընթացքում այլեւս չի երեւում տեսապատկերներում։
Ժամը 22.36-ին տան բակին իր մեքենայով մոտենում է Ավետիք Բուդաղյանը։ Այնտեղ այդժամ կանգնածները (մարզպետի երկու որդին, վարորդը, Նիկոլայ Աբրահամյանն ու Զարզանդ Նիկողոսյանը) մոտենում են Ավետիք Բուդաղյանին։ Տեսագրությունը ձայնագրություն չի պարունակում, ուստիեւ չի իմացվում, թե ինչ են խոսում։ Զրույցը տեւում է երկու-երեք րոպե։ Նրանց շարժումներից մինչդեռ երեւում է, որ խոսակցությունը տեղի է ունենում լարված մթնոլորտում։ Հավաքվածներին է մոտենում մարզպետի կինը՝ Լորետա Բարսեղյանը։ Քիչ հետո Ավետիք Բուդաղյանը հեռանում է մեքենայով։
Ժամը 11.06-ին տան բակին կրկին մոտենում է (նախորդից ավելի արագ ընթացքով) Ավետիք Բուդաղյանը։ Այնտեղ գտնվող հինգ տղաները, որոնց անունները նշեցինք վերեւում, մոտենում են նրան։ Այնուհետեւ մոտենում է մարզպետի կինը։ Նորից խոսակցություն Ավետիք Բուդաղյանի եւ հավաքվածների միջեւ։ Մեկ-երկու րոպեից մարզպետի տանն է մոտենում (Բակունցի հրապարակի կողմից) մեկ այլ մեքենա։ Ավետիքն իր մեքենայով փակում է եկող մեքենայի ճանապարհը։ Մեքենայից իջնում է գնդապետ Արտակ Բուդաղյանը (հավաքվածներից մի քանի մետր հեռու) եւ անմիջապես կրակ բացում։ Հավաքվածները դեսուդեն են փախչում։ Լորետա Բարսեղյանը մոտենում է Արտակ Բուդաղյանին եւ բռնում զենքից՝ փորձում խլել այն կամ խանգարել կրակելուն։ Եվ երեք կրակոցի ուղղություն, կարծեք, հաջողվում է փոխել։ Լորետա Բարսեղյանը եւ Արտակ Բուդաղյանը շարունակում են իրար քաշքշել, բայց գնդապետին հաջողվում է առաջ շարժվել։ Նրան է մոտենում Ավետիքը եւ փորձում կանգնեցնել եղբորը։ Այդ պահին երկու եղբայրը վայր են ընկնում կողքի ավազաթմբի վրա։ Քիչ անց վեր է կենում Ավետիքը. քայլվածքից երեւում է, որ նա արդեն վիրավոր է։ Հետեւից նրան է մոտենում եւ թիկունքից բռնում Նիկոլայ Աբրահամյանն ու Ավետիքի զենքը խլում։ Վերջինս մի նոր զենքով է կրակում Նիկոլայի վրա, ով վայր է ընկնում եւ մնում տեղում։ Ավետիքը փորձում է առաջ շարժվել դեպի բակի կողմը, բայց դիմացից կրակում են (կրակողները չեն երեւում տեսապատկերում)։ Հետ է քաշվում, մեկ անգամ եւս կրակում դարպասի ուղղությամբ ու ընկնում գետնին։
Մինչ այդ պահը գնդապետը շարունակում էր մնալ ավազաթմբի վրա ընկած։
Տեսադաշտում միայն Լորետա Բարսեղյանն է։ Մոտենում է գետնին ընկած Ավետիքին եւ ձեռքի շարժումներ անում (ենթադրվում է, որ օգնություն է կանչում)։ Տնից մարդիկ (այդ թվում եւ կին) են մոտենում… Ավետիքն ընկած էր մեքենայի մյուս կողմում, ուստիեւ չի երեւում, թե ինչպես են առաջին օգնություն ցույց տալիս նրան։
Կրկին տեսադաշտում միայն Լորետա Բարսեղյանն է. մոտենում է ավազաթմբին ընկած գնդապետին, նախ՝ ոտքով խփում-հրում է կողքին ընկած զենքը, այնուհետեւ ձեռքը մեկնում Արտակին՝ վեր բարձրացնելու փորձ անում, բայց վայր է ընկնում ավազաթմբի վրա, բարձրանում ու նորից քայլում դեպի Ավետիք։
Այնուհետեւ մի տեսարան է, երբ մարդիկ փորձում են երկու վիրավորին՝ Ավետիքին եւ Նիկոլային դնել մեքենայում՝ ըստ էության հիվանդանոց տանելու համար։ Դեռ չէին հասցրել վիրավորներին դնել մեքենայում, երբ գնդապետն ավազաթմբից վեր է բարձրանում՝ վիրավոր վիճակում, ինչը երեւում է նրա քայլվածքից, քայլում դեպի եղբայրը եւ այնտեղ էլ վայր ընկնում։ Հավաքվածները շարունակում են արդեն ակնհայտ երեւացող երեք վիրավորին մեքենաներում դնելու ջանքերը։
Վիրավորներին ուղարկելուց հետո Լորետա Բարսեղյանը մոտենում է գետնին ընկած զենքերին, որ տարբեր տեղերում էին։
Ժամը 23.30-ին վիրավորները տեղափոխված էին…
Ահա իրադարձության ամբողջ ընթացքը, որ տեսագրված է, իսկ տեսագրության հավաստիության վերաբերյալ դեռեւս պատկան մարմինները տարակույս չեն հայտնել (համենայնդեպս տեղեկություններ չունենք պաշտոնական հերքումների մասին)։
Իհարկե, այդքանից հետո անգամ կատարվածի վերաբերյալ վերջնական եզրակացություններ անելու իրավունք չենք վերապահում մեզ. դա նախաքննական մարմնի ու դատարանի խնդիրն է։ Մի հարցում, սակայն, մեր դիրքորոշումը հստակ է. ոչ ոք այս դժբախտության վրա ձեռքեր տաքացնելու, տեղի-անտեղի շահարկումներ անելու իրավունք չունի։ Մենք պետք է նախաքննական մարմնին օբյեկտիվ, անկաշկանդ աշխատելու հնարավորություն տանք, եթե ուզում ենք, որ ճշմարտությունն ամբողջապես բացահայտվի, ու մեղավորները պատասխանատվության ենթարկվեն օրենքի ամբողջ խստությամբ։
Մենք նաեւ կոչ ենք անում բոլոր լրատվամիջոցներին՝ Գորիսի համար դժվարին այս օրերին հրապարակել միայն հավաստի ու ստուգված տեղեկություններ, զերծ մնալ անհիմն հրապարակումներից ու կրքեր բորբոքելուց։


Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ

5 հունիսի 2013թ.

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին