▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շտապ վաճառվում է համալիր

Արդեն չորրորդ անգամ է, ինչ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը դրվում է աճուրդի: Կոլեկտիվը, անշուշտ, վիճարկում է աճուրդի օրինականությունը, բողոքարկում ԴԱՀԿ որոշումները դատական կարգով, հանդես գալիս հրապարակումներով ընդդեմ սահմանված ընթացակարգի:

Հանձն չառնելով տալու տեղի ունեցողի որևէ իրավական գնահատական, պետք է, անշուշտ, անդրադառնալ գործընթացի նախապատմությանը: Այո, պարզվում է՝ համալիրն աճուրդի է հանվում սեփականատերերի կողմից պետությունից վերցրած վարկի ոչ պատշաճ մարման պատճառով: Սակայն այս պարագայում կարևորը նույնիսկ դա էլ չէ:

Ակնհայտ է, որ այս ամենը որևէ պարագայում տեղի չէր էլ ունենա, եթե 2006թ. ՀՀ Կառավարությունը միայն իրեն հայտնի նկատառումներով չորոշեր վաճառել պատմաճարտարապետական հուշարձան հանդիսացող, համաժողովրդական հանգանակությամբ կառուցված մարզահամերգային համալիրը:

Դա տեղի չէր ունենա նաև այն պարագայում, եթե որոշում կայացնողներն առաջնորդվեին ոչ թե կուրորեն «բյուջե լցնելու» և եղած-չեղածը վաճառելու մղումով, այլ գիտակցեին, որ նման մեծամասշտաբ և հոյակերտ կառույցների շահագործումն ու պահպանումը որևէ մասնավոր սուբյեկտի ուժերից վեր է: Դա պետք է լինի պետության կամ համայնքի բացառիկ գործառույթը:

Ու քանի դեռ այսպես ենք վերաբերվելու մեր ժառանգությանը՝ ավելի մեծ մշակութային (և ոչ միայն մշակութային) նվաճումների ակնկալիքներ չպետք է ունենանք:

Գոռ Սաղաթելյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին