ՀՀ սփյուռքի նախարարությունը տարածել է մամլո հաղորդագրություն, որը, հավանաբար, համացանցում տարածված տեսանյութի ոչ պաշտոնական պատասխանն է:
ՀՀ սփյուռքի նախարարությունը կշարունակի իր քաղաքականությունը՝ Հայաստանը հզորացնելու ուղղությամբ
Այս օրերին մեկ անգամ ևս համոզվեցինք, թե որքան հզոր է ազգը, երբ այն միասնական է, համախմբված, մեկտեղված: Ակնառու էր նաև Հայոց պետության և սփյուռքի միասնությունը: Բոլորիս միավորել էր ընդհանուր ցավը, վիշտը, հիշողությունը, նաև ապրելու, զորանալու, շատանալու, երկիրը զարգացնելու, ավելի ուժեղ ու մրցակցային դարձնելու հզոր կամքն ու հաստատակամությունը: Ազգով պետք է հզորացնենք, ուժեղացնենք Հայաստանը, և այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է փնտրել և գտնել տարբեր ձևեր, հանդես բերել նախաձեռնություններ:
Կասկած չկա, որ Հայաստանի բանկային համակարգի ուժեղացումը կնպաստի տնտեսության զարգացմանը, ներդրումների խրախուսմանը, աշխատատեղերի ստեղծմանը: Եթե հազարավոր հայեր բացեն իրենց բանկային հաշիվները Հայաստանում, իրենք չեն տուժելու, սակայն կօգնեն մեր տնտեսության առաջընթացին:
Կամ՝ տուրիզմի զարգացումը նույնպես կօգնի աշխուժացնել տնտեսությունը: Այս հարցում ևս մեր հայրենակիցների ակտիվությունը կավելացնի զբոսաշրջիկների թիվը, կզարգանան ինֆրակառուցվածքները, կավելանան աշխատատեղերը: Նման առաջարկներ Սփյուռքին միշտ արել և կշարունակի անել ՀՀ սփյուռքի նախարարությունը՝ անկախ նրանից, դա ինչ-որ մեկին դուր է գալիս, թե ոչ: Մենք նախանձախնդիր ենք երկրի ուժեղացմանը և զարգացմանը, և յուրաքանչյուր մեկը իր նպաստը պետք է բերի և իր քարը դնի հայրենիքի շենացման սուրբ գործին:
Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչություն