▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպանություն՝ պոստում

«Հրապարակ»-ը գրում է, որ կայքի տեղեկություններով՝ հունվարի 9-ի լուսադեմին Վարդենիսի պոստերից մեկում ողբերգական դեպք է եղել։ Ժամկետային զինծառայողներից մեկն իրեն կցված հրազենից մահացու կրակ է արձակել նույն պոստում ծառայող սպաներից մեկի վրա։ Հանգամանքները ճշտվում են։
Աղբյուրի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կորպուսի հրամանատար Գարեգին Պողոսյանը տանը հանգիստ քնած է եղել և սպանությունը տեղի չէր ունենա, եթե կորպուսի հրամանատարը ճիշտ փոխհարաբերությունների մեջ լիներ իր ենթակայության անձնակազմի հետ և փորձեր հարթել սպաների ու զինվորների միջև ծագած վեճերը։

Թարմացված․Հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:

Թարմացված․ ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Վարդենիսի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024թ․ հունվարի 9-ին` ժամը 06:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում ինքնաձիգից արձակված կրակահերթից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, մարտական դիրքի պատասխանատու Կ․Կ-ն։

Նախնական տվյալներով հրազենային վիրավորումը հասցվել է մարտական հերթապահության մեջ գտնվող ժամկետային զինծառայողի կողմից։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձևավորվել է քննչական խումբ։
Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, վերոգրյալ հանցավոր արարքը կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, նշված ժամկետային զինծառայողը ձերբակալվել է։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ անհետաձգելի բոլոր ապացուցողական և դատավարական այլ գործողությունները՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին