▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպանություն Երևանում՝ իրար երկար նայելու հարցի շուրջ առաջացած վեճի արդյունքում

2023թ. դեկտեմբերի 26-ին՝ ժամը 23։23-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել այն մասին, որ անգիտակից վիճակում «աջ աճուկային շրջանի կտրած-ծակած վերք, պրոֆուզ արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1974թ․, ով նույն օրը՝ ժամը 23։50-ին, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են դեպքի վայրը տեսանկարահանող տեսախցիկների տեսագրությունները, հարցաքննվել են մի շարք անձինք: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կատարված քննչական, վարութային այլ գործողությունների, ինչպես նաև օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի էական հանգամանքներ, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը․ վերջինս Երևան քաղաքի 20-ամյա բնակիչ է։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, նույն օրը՝ ժամը 22։30-ի սահմաններում, Երևան քաղաքի Զավարյան փողոցում չնչին առիթով՝ միմյանց երկար նայելու հարցի շուրջ, 20-ամյա երիտասարդը, եղբոր և մի խումբ այլ անձանց հետ վեճի է բռնվել Երևանի բնակիչ երկու եղբայրների հետ։ Վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի, որի ընթացքում 20-ամյա երիտասարդը, եղբոր և հիշյալ անձանց հետ, սեփական անձի կարծեցյալ առավելությունն ընդգծելու մղումով, աղմկելով, հայհոյանքներ հնչեցնելով, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը և մարդկանց անդորրը, տարածքի բնակիչների մոտ հարուցել վախի և անհանգստության մթնոլորտ։

Այնուհետև, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր հետ վերցրած սուր կտրող-ծակող առարկայով նա հարվածել է երկու եղբայրների՝ վիճաբանությանը միջամտած 49-ամյա հոր աջ աճուկային շրջանին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք։

Ձեռք բերված փաստերի հիման վրա 20-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ խուլիգանական արարքներին մասնակցություն ունեցած բոլոր անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին