▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրբ Էջմիածնին նվիրված ամեն ինչ ազգի հարստությունն է... Տեր Վահրամը՝ 5 կգ ոսկուց գավազանի մասին

Համացանցում քննարկման առիթ է դարձել  տեսանյութը, որում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն 5 կիլոգրամ ոսկուց գավազան է նվեր ստացել։

Օգտատարերը նշում են, թե Վեհափառը  կարող էր հորդորել հարուստ հայերին այդ գումարները ծախսել առավել խոցելի խմբերի կարիքները հոգալու համար:

Asekose.am-ի հետ զրույցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանն ասաց, որ Ռուսաստանից անհատ ոսկերիչ ու գործարար Գարուն Քոչարյանը Վեհափառին Զատկի տոնից առաջ  նվիրաբերել է հայրապետական գավազան։

Տեր Վահրամ քահանա Մելիքյանը, մասնավորապես, նշել է. 

«Յուրաքանչյուր անհատ, բարերար հայորդի ինքն է որոշում, թե ինչպես տնօրինել սեփական միջոցները, որ կառույցին ինչ ընծայաբերել կամ փոխանցել: Տվյալ դեպքում հայրապետական այս գավազանը ռուսաստանաբանակ Գարուն Քոչարյանի անակնկալն էր Վեհափառ Հայրապետին: Հարկ չկա անհանգստանալու, որովհետև ընծայաբերված գավազանը, ինչպես և ամենը, որ մեր ժողովուրդը նվիրաբերում է Հայոց Եկեղեցուն, շարունակում է մնալ ազգային հարստություն: Սույն գավազանն էլ պիտի արժանի իր տեղը գտնի Մայր Աթոռի թանգարաններում ցուցադրվող բազում արժեքների և սրբությունների կողքին, որոնցով հպարտանում են բազմաթիվ այցելուները: Եթե այս տրամաբանությամբ առաջնորդվեին մեր հայրերը, ապա այսօր ոչինչ պիտի վկայեր մեր եկեղեցական արվեստի, նաև ազգային մշակույթի մասին, որովհետև չեմ մտաբերում մի ժամանակ, որ կարիքն ու տառապանքը չլինեին մեր պատմության մեջ: Այս կապակցությամբ կատարվող համեմատությունները տեղին չեն, իսկ շահարկումները դատապարտելի: Ազգային Եկեղեցին իր ողջ կարողություններով` մարդկային և նյութական, մշտապես ծառայել և ծառայելու է ազգին և, եթե հարկ լինի, ապա վստահ եղեք, այս գավազանն էլ կծառայեցվի մեր ժողովրդի կարիքներին»:

 

«Իսկ բարերար հայորդուն պետք է միայն շնորհակալություն հայտնել, որ կարողանում է մաս և բաժին հանել իր Եկեղեցուն և ազգին»,-հավելել է Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին