▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուքիասյանի կողմից անտեսվածը. պե՞տք է հավաքականին Արթուր Սարկիսովը

Արթուր Սարկիսովը համարվում էր Հայաստանի հավաքականի անբաժանելի մասը: Ճիշտ է, նա երբեք էլ չի դիտարկվել որպես հիմնական կազմի ֆուտբոլիստ, բայց պահեստային «զենքի» նշանակություն է ունեցել հավաքականի մարզիչների համար: Նա իրեն լավ էր զգում հատկապես Վարդան Մինասյանի գլխավորությամբ աշխատելու տարիներին, երբ հաճախ էր գոլի հեղինակ դառնում փոխարինման դուրս գալուց հետո: Սակայն ներկայիս գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը, թեև սկզբնական շրջանում Սարկիսովին հրավիրում էր հավաքական, Ռումինիայի և Լեհաստանի հավաքականների հետ խաղերում նրան չընդգրկեց հայտացուցակում` պատճառաբանելով, որ վերջինս չի համապատասխանում իր խաղային համակարգին:

ArmFootball.com-ը փորձել է հասկանալ, թե արդյոք Սարկիսովն արժանի է կրկին հրավիրվելու հավաքական:

Մինասյանի «զենքը»

Սարկիսովը հավաքականի կազմում մինչ օրս մասնակցել է 35 հանդիպման և դարձել 5 գոլի հեղինակ: Յուրա Մովսիսյանին գրեթե անփոխարինելի համարելով ընտրանու հարձակման գծում` Վարդան Մինասյանը Սարկիսովին առավել շատ օգտագործում էր որպես ֆուտբոլիստի, ով պետք է փոխեր խաղի ընթացքը փոխարինման մտնելուց հետո: Այդ տարբերակն իր դրական պտուղները տվեց մի քանի դեպքերում: 

Հիշարժան են հատկապես «Եվրո-2012»-ի ընտրական փուլում Սլովակիայի և Մակեդոնիայի հետ հանդիպումները: Առաջինում մերոնք հյուրընկալվելիս պատմական հաղթանակ տոնեցին 4:0 հաշվով, իսկ Սարկիսովը դրեց այդ խաղի վերջակետը` ավելացված առաջին րոպեին գոլ հեղինակելով 85-րդ րոպեին փոխարինման դուրս գալուց հետո: Գրեթե մեկ ամիս անց Հայաստանի հավաքականը Երևանում 4:1 հաշվով պարտության մատնեց մակեդոնացիներին: Մինասյանը Սարկիսովին խաղադաշտ դուրս բերեց 75-րդ րոպեին, և վերջինս խաղի վերջնահաշիվը ձևակերպեց կրկին ավելացված առաջին րոպեին: Հիշատակման է արժանի նաև «Մունդիալ-2014»-ի ընտրական փուլում Մալթայի հավաքականի հետ արտագնա հանդիպումը, որում մերոնք անակնկալ կերպով չէին կարողանում կոտրել մրցակցի դիմադրությունը: Սակայն Վարդան Մինասյանը 64-րդ րոպեին խաղադաշտ դուրս բերեց իր գաղտնի «զենքին», և Սարկիսովն էլ ընդամենը 6 րոպե անց հաղթանակ պարգևեց Հայաստանի հավաքականին:


Նա տեղ չունի Սուքիասյանի ծրագրերում

Հայաստանի հավաքականը Վարուժան Սուքիասյանի օրոք մինչ վերջին ընտրական խաղերը 5 հանդիպում էր անցկացրել, որոնցից 4-ին Սարկիսովը հայտավորված էր եղել: Ընդ որում, խաղերից և ոչ մեկում Սարկիսովն ընդգրկված չի եղել մեկնարկային կազմում, թեև Սուքիասյանի` ընտրանին գլխավորելուց հետո Յուրա Մովսիսյանն արդեն չէր հրավիրվում հավաքական: Սարկիսովը հասցրեց գոլի հեղինակ դառնալ Գվատեմալայի հավաքականի հետ ընկերական մրցավեճում` փոխարինման դուրս գալով 66-րդ րոպեին: 

Ինչ վերաբերում է Չեխիայի հավաքականի հետ սեպտեմբերին կայացած ընկերական հանդիպմանը, ապա այստեղ էլ նա խաղադաշտում հայտնվեց 50-րդ րոպեին` փոխարինելով Գեղամ Կադիմյանին: Որքան էլ անսպասելի է, դրանից ընդամենը օրեր անց Դանիայի ընտրանու հետ կայացած ընտրական մրցավեճում Սուքիասյանը նախընտրեց հիմնական կազմում վստահել ոչ թե Սարկիսովին, այլ Դավիթ Արշակյանին, ում մրցելույթից դժգոհ մնաց: Ավելին, Սարկիսովը դանիացիների հետ խաղում նույնիսկ փոխարինման դուրս չեկավ: Կոպենհագենում կայացած այդ հանդիպումից հետո 29-ամյա հարձակվողն այլևս հրավեր չի ստացել հավաքականից:


5 հանդիպում և մեկ գոլ

Սարկիսովը, ով հանդես է գալիս Ռուսաստանի առաջին դիվիզոնը ներկայացնող «Մորդովիայի» կազմում, վերոնշյալ հանդիպումից հետո իր թիմի կազմում մասնակցել է 5 հանդիպան, ընդ որում` բոլորն էլ մեկնարկային կազմում: Անցկացրել է 2 ամբողջական խաղ, իսկ 3 խաղում փոխարինվել է երկրորդ խաղակեսում: Նա այդ խաղերում դարձել է մեկ գոլի հեղինակ: Հոկտեմբերի 8-ին «Բալթիկայի» հետ արտագնա մրցավեճում Սարկիսովը Սարանսկը ներկայացնող «Մորդովիային» առաջ է մղել արդեն 2-րդ րոպեին: Այդ մրցավեճում հայ հարձակվողի թիմը հաղթանակ է տարել 2:1 հաշվով: Իսկ նախորդ 4 խաղում «Մորդովիան» հաղթանակ չէր տարել` գրանցելով մեկ ոչ-ոքի և կրելով 3 պարտություն:

Մեզ հարձակվող պետք է օդ ու ջրի պես

Ազգային հավաքականի վերջին հանդիպումները ևս մեկ անգամ հաստատեցին, որ մեր թիմը լուրջ խնդիրներ ունի հարձակման գծում: Ընտրանին չունի այնպիսի հարձակվող, որը կիրագործի այդ դիրքի խաղացողի գլխավոր առաքելությունը խաղադաշտում, այն է` գոլ խփել: Յուրա Մովսիսյանը չի հրավիրվում հավաքական, Էդգար Մանուչարյանը միայն վերջերս է ակումբ գտել, Դավիթ Արշակյանը հիասթափեցրեց Վարուժան Սուքիասյանին, Սարկիսովը չի համապատասխանում վերջինիս խաղային մոդելին, Ռուսլան Կորյանն անհասկանալի պատճառներով միայն Ռումինիայի հետ խաղից հետո հրավիրվեց հավաքական... Խնդիրներն այսպես չեն լուծվի:

Հավաքականի վերջին հավաքին հրավիրվել էր 2 հարձակվող` Գեղամ Կադիմյանը և Վարդան Պողոսյանը: Վերջինս չի էլ դիտարկվում որպես հիմնական կազմի ֆուտբոլիստ, իսկ Կադիմյանը վնասվածք ստացավ Ռումինիայի հետ խաղից առաջ նախավարժանքի ժամանակ:

Հ. Գ. Սարկիսովը սիրված անձնավորություն է հայ ֆուտբոլասերների շրջանում: Նա խաղադաշտում միշտ դրսևորել է պայքարի մեծ ցանկություն և արդյունավետություն: Դժվար է հասկանալ, թե այսպիսի ծանր վիճակում մարզչական շտաբն ինչպե՞ս կարող է չօգտվել Սարկիսովի ծառայություններից: Համենայն դեպս, Սուքիասյանի խոսքերը դրա վերաբերյալ որևէ հիմնավոր պարզաբանում չեն տալիս:

Արման ԱԲԵԼՅԱՆ

ArmFootball.com

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին