▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շունն ու Կատուն» գաղտնագրի վերլուծականը արդի աշխարհաքաղաքական իրավիճակի լույսի ներքո

Սույն վերլուծությամբ կփորձենք գաղտնազերծել «Շունն ու Կատուն» հեքիաթում կոդավորված ուղերձները, որոնք բանալիային նշանակություն ունեն հայ էթնոսի արդի պրոբլեմների վերհանման, խրթին աշխարհաքաղաքական իրավիճակներում ճիշտ կողմնորոշման և, ընդհանրապես, գոյատևման հարցերում։ Սա կարվի հեքիաթագիտական ուսմունքի լույսի ներքո, որը մոտակա տասնչորս երկարուձիգ տարիներին կոչված է փոխարինելու իր ավագ եղբորը՝ էպոսագիտությանը։

«Շուն ու Կատուն» գաղտնագրի միջոցով մեծն Թումանյանը երեքուկես տերաբայթ ինֆորմացիա է փոխանցել սերունդներին, որի մի չնչին մասի ապակոդավորումը հաջողվել է հեղինակին, ինչով էլ կիսվում ենք։

Հենց առաջին տողով․ «Ժամանակով Կատուն ճոն էր» Թումանյանը ներկայացնում է սլավոնական իմպերիալիզմի էությունը։ Ճոն - գլխարկ կարող հասկացությունը հետևյալ իմաստն ունի՝ գլուխ-գլխարկ-տանիք-«կռիշ»։ Գլուխը Հայաստանն է, գլխարկը՝ Ռուսաական իմպերիալիզմը, որը դարեր շարունակ Հայաստանի տանիքն է համարվում։

«Շունն էլ գըլխին գըդակ չուներ»

Չուներ, որովհետև շունը իր գործունեության վերջին շրջանում կորցրել էր գլխարկը և դրսևորում էր ակնհայտ անգլխարկ-եվրոպամետ դիրքորոշում։ Այս պնդումը հատկապես հիմնավորվում է հաջորդ կոդային երկտողում.

«Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի,
Ճանկել էր մի գառան մորթի:»

Եվրոպամետ շունը՝ իմպերիալիստական, ապահով Ռուսաստանի փոխարեն գլխին էր ուզում քաշած լիներ չգիտեսորտեղից ճանկած մի «գառան մորթի»։ Սա ըստ էության թափանցիկ ակնարկ է Հայաստանում Եվրոպական Դելեգացիայի անխնամ, անմշակ կարգավիճակին, որի ականատեսն ենք վերջին մեկ տարվա ընթացքում։

«Եկավ մի օր, ձմեռվան մըտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:
— Բար' աջողում, ուստա Փիսո,
Գլուխըս մըրսեց, ի սեր ասծո,
Ա՛ռ էս մորթին ու ինձ համար
Մի գդակ կարի գըլխիս հարմար:

Մեծն գրողը այս տողերի մեջ վարպետորեն թաքցրել է այն, այսպես կոչված՝ կոմպլեմենտար քաղաքականության կանխատեսումը, որը Հայաստանը փորձում է վարել՝ իր եվրոպական նկրտումները հյուսիսային եղբայր «ուստա փիսոյին» հրամցնելով որպես անմեղ ձեռնարկում։ Ավելին, այստեղ ականատեսն ենք «ուստա Փիսոյին» կոռուպցիոն գործարքի մեջ ներքաշելու Հայաստանի ջանքերին՝«Վարձիդ համար միամիտ մնա...», սրան ավելացնելով «Համա-համա շատ չուշանա» հոխորտանքը։

Հեքիաթասացիս սույն գաղտնազերծումներին անլուր մնալն էր, որ ՀՀ ղեկավարությանը տարավ դեպի կույր ու չկանխամտածված որոշումների։

Ներքոնշյալ տողերից քողազերծվում է ռուսական «փափուկ բարձը»՝ շան գլխի տակ.

«— Աչքիս վըրա, քեռի Քուչի,
Մի գըդակ ա, հո մի քուրք չի․
Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:

«Քո թանկագին խաթեր համար» արտահայտությունը, թերևս, վերաբերվում է հայկական լոբբիին ռուսաստանում, ի դեմս մեծահարուստ Արա Աբրահամյանի։ «Ուրբաթ օրվա» մասին կարծիքները տարբեր են։ Դեն Բրաունի մոտեցումն այն է, որ ուրբաթը 2014 թվականն է։ Մենք համաձայն չենք Բրաունի սույն հիպոթեզին և կարծում ենք, որ «Ուրբաթ» բառը կիրառվել է ոչ թե ժամանակի չոփաղականության մեջ, այլ կապված է կոնկրետ քաղաքական գործչի անվանման հետ։ Դա ակնհայտորեն բխում է Ուրբաթ բառում «Ր» և «Ա» տառերի գաղտնագրման մեջ, որոնք, մեր կարծիքով, մատնացույց են անում Րաֆֆի Հովհաննիսյանին։ Ասել է, թե Ռուսատանը, սկզբնական շրջանում դողալով Ր.Հովհաննիսյանից «բադասխանի» պահանջ ստանալուց, համաձայնվում է Հայաստանի կոմպլեմենտար քաղաքականության ուղեգծին և, դեռ ավելին, մեծարանքով է վերաբերվում վերջինիս՝ «քո թանկագին խաթեր համար»։ Հայտնի չէ միայն, թե ո՞մ թանկագին խաթերն է մատնանշվում՝ Հայաստանի՞, որպես երկիր, թե՞ հենց անձամբ Ր. Հովհաննիսյանի։

Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա,
Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր օրհնած,
Միա՜յն, միա՜յն մի գդակի վարձ:

Վերոնշյալ տողերը ամրապնդում են մեր հիպոթեզը՝ մերժելով Դեն Բրաունի նեղ մոտեցումը։

Ուրբաթ օրը քեռի Քուչին`
Ուստից առաջ` բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով` ծանդըր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց.

Այստեղ գրողն արտահայտում է հայ էթնոսի ներկայացուցիչների մոտ լայն տարածում գտած այնպիսի բացասական գծեր, ինչպիսիք են գոռոզությունը, չհիմնավորված հպարտույունը, «լոպպազությունը»։ Գերտերությունների վրա «թափ-թափ» տալու այս հատկության դրսևորումն է, որ ազգաբնակչությունը ամեն օր զգում է իր մաշկի վրա։

— Ուստեն ո՞ւր ա… փափախս ո՞ւր ա…
— Մի քիչ կացի, հրես կերևա:

Սուտ։ Չի երևա ո՛չ ուստեն, ո՛չ փափախը։ Դա պարզ է դառնում այն հեգնանքից, որը սպրդում է հեղինակի վերոնշյալ հզոր երկտողից։

Ուստեն եկավ քուրքը հագին,
Շանը տեսավ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փընթփընթաց,
Ու մուշտարու վըրա թընդաց.
— Ցուրտը տարա՞վ… վա՜հ, տընա՛շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հըլա նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:

Վերջին քառատողում ակնհայտ գաղտնագրված է Ադրբեջանին «Սմերչ» համազարկային համակարգի վաճառքի ռուսական գործարքը։ Ավելին, «տնաշեն» ածականը կիրառելով Թումանյանը կանխատեսում է ռուսական ներդրումները հայաստանյան անշարժ գույքի շուկայում։ Վկան՝ հյուսիսային պողոտայի շենքերը, ինչպես նաև «Մոսկվայի տունը»՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց։

— Դե հե՛ր օրհնած, էտե՛նց ասա, (այստեղ հղում է արվում Կիրիլ սրբազանին)
Էդ բարկանալդ էլ ընչի՞ս ա:
Փող եմ տըվել, վախտին կարի,
(այնուամենայնիվ գործարք է եղել)
Թե չէ` ասա, էգուց արի:
Համ ասում ես, համ չես կարում,
Համ խոսում ես, վըրես գոռում,
Հա՛մ, հա՛մ, հա՛մ, հա՛մ,
Քանի, ախպեր, գընամ ու գամ…
(տե՛ս ՀՀ նախագահի՝ ռուսաստանյան այցելությունների գրաֆիկը)
Ասավ Քուչին ու նեղացած
Վերադարձավ գլուխը բաց:

Այս տողերով, թերևս, ավարտվում են մեծն Թումանյանի կանխատեսումները ցայսօր։ Մնացյալ հատվածը, հետևաբար, գալիք իրադարձությունների կանխատեսումն է, որի ապակոդավորումը թույլ կտա ստույգ կանխատեսել հետագա իրադարձությունները՝ հնարավորություն տալով ընտրել ճիշտ ստրատեգիա։

Մին էլ եկավ, դարձյալ չըկար.
Էս անգամը դիպան իրար.
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր,
Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն…
Բանը հասավ դիվանբաշուն:
Շունը մինչև գընաց, եկավ,
Ուստա Կատուն կոտըրն ընկավ,
Գըլուխն առավ ու մի գիշեր
Հայդե՛, կորավ. էն կորչիլն էր․․․

Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել,
Մըտքում հըլա դեռ պահում ա,
Որտեղ Կատվին պատահում ա,
Վեր ա թըռչում, վըրա վազում,
Իրեն մորթին ետ ա ուզում.
Իսկ սևերես Կատուն հանկարծ
Ետ ա դառնում ու բարկացած
Փըշտացնում ա. մըթամ նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:

Աղբյուրը` ovanitas.livejournal.com

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին