▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շոուբիզնեսի ներկայացուցիչներից մեկից գումար է շորթել՝ սպառնալով նրան վարկաբեկող տեսանյութը տեղադրել «Յութուբում»

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Վարդան Լ. Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է 29-ամյա աղջկա՝ Լ. Ա.-ի գործի դատական քննությունը:

Լ. Ա.-ին մեղադրանք էր առաջադրվել շորթման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով:

Տուժողը հայրենական շոուբիզնեսի տղամարդ ներկայացուցիչներից մեկն է:

1in.am-ն է գրում ու մանրամասնում, որ ըստ մեղադրանքի՝ Լ. Ա.-ն շորթման եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակություն կատարելու մեկ միասնական դիտավորությամբ 2017 թվականի սկզբից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 4-ը հեռախոսային խոսակցությունների, հաղորդագրությունների ու տուժողի բնակարանի մուտքի մոտ տեղի ունեցած հանդիպման ընթացքում վերջինիս արատավորող տեղեկություն հանդիսացող, նրա ու «Ֆեյսբուքի» օգտատիրուհիներից մեկի՝ մերկ վիճակում «Սկայպով» տեղի ունեցած խոսակցության տեսագրությունը համացանցի «Յութուբ» կայքում տեղադրելու սպառնալիքով պահանջել է 500 դոլար:

Ամբաստանյալ Լ. Ա.-ն դատարանում իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է, ընդունել է, որ տուժողին զանգել է տարբեր հեռախոսահամարներից, հաղորդագրություններ է ուղարկել՝ պահանջելով, որ նա «կապի դուրս գա իր հետ», սպառնացել է համացանցում տեղադրել տեսանյութը, բայց չի արել ու չէր անի: 2018 թվականի դեկտեմբերի 4-ին ինքը գնացել է տուժողի բնակարան՝ իմանալով, որ նրա կինն ու երեխաները տանը չեն:

Լ.Ա.-ն պնդել է, թե խնդրո առարկա տեսանյութը իր մոտ արդեն չկա, բայց այդ տեսանյութի մասին այլ մարդիկ էլ էին տեղյակ, համացանցում այն 217 դիտում էր ունեցել մինչև հեռացվելը, այնպես որ՝ մեկ էլ տեսար՝ մի օր նորից հայտնվի, բայց ինքը դրա հետ ոչ մի կապ չունի:

Տուժողը հայտնել է, թե Լ. Ա.-ի հետ ծանոթացել է սոցցանցով: Համացանցում անսպասելի հայտնվել է իր համար անձնական բնույթի մի տեսանյութ, ինքը չէր ցանկանա, որ այն հրապարակվի: Տեսանյութը «Յութուբից» հեռացնելու համար ինքը դիմել է մի քանի հոգու՝ համակարգչային մասնագետների: Նաև Լ. Ա.-ին է հարցրել՝ ծանոթ համակարգչային մասնագետ ունի՞, որ ընկերական ձևով կհեռացնի տեսանյութը: Լ. Ա.-ն դիմել է ինչ-որ մեկին, տեսանյութը մեկ օրում հեռացվել է «Յութուբից»:

Դրանից հետո ինքը շարունակել է շփվել Լ. Ա.-ի հետ, նա իրեն զգուշացրել է, որ տեսանյութը կարող է նորից հայտնվել համացանցում:

Որոշ ժամանակ անց Լ.-ն ասել է, թե հնարավոր է գտնել այն անձին, ով տեսանյութը գցել է «Յութուբ»: Լ.-ն նաև ասել է, թե հայրն ապրում է Ամերիկայում, այնտեղ համերգներ է կազմակերպում, հարցրել է՝ ինքը ցանկություն չունի՞ այնտեղ աշխատելու: Ինքը հետաքրքրվել է դրանով, նաև Լ.-ին հարցրել է՝ պե՞տք է վճարել տեսանյութը համացանցից հեռացրած մասնագետին: Լ.-ն ասել է, թե ոչ մի բան հարկավոր չէ:

Որոշ ժամանակ անց Լ.-ն ասել է, թե հնարավոր է գտնել տեսանյութը համացանց գցողին, բայց դա կապված կլինի ծախսերի հետ: Այդ ընթացքում Լ.-ն երբեմն դիմել է իրեն՝ խնդրելով լիցքավորել հեռախոսը և այլն, դա շարունակվել է հինգ-վեց ամիս: Ինքը Լ.-ին պարբերաբար հարցրել է՝ ե՞րբ է նրա հայրը Ամերիկայից գալու, որ խոսի հետը: Բայց այդպես էլ նրա հորը չի հանդիպել:

Մի պահ է եկել, երբ Լ.-ն ասել է, թե ընկերը գտել է նրան, ով տեսանյութը գցել էր համացանց, արդեն հայտնի է նրա հեռախոսի համարը: Որոշ ժամանակ անց նա ասել է, թե տեսանյութը գցողին գտնելու համար մեծ ծախսեր են արվել, ինքը պետք է այդ ծախսերը հատուցի: Այդ ընթացքում նա մանր գումարներ է խնդրել իրենից ու ստացել: Բայց բանը հասել է նրան, որ նա իրենից ուզել է վիրահատության գումար՝ 300 հազար դրամ: Ինքը պատասխանել է, որ այդքան գումար չունի, պետք է պարտք անի, կարող է 100 հազար դրամ տալ:

Դրանից հետո ինքը լարվել է, կասկածներ են առաջացել: Լ.-ն սկզբում իրենից գումար էր ուզում՝ ասելով, թե չի ցանկանում գումարի հարցով դիմել հայրիկին: Այնուհետև ասել է, թե տնեցիների հետ կռված է: Հետո էլ ասել է, թե տեսանյութը համացանց գցող մասնագետը հետաքրքրվում է՝ կատարված ծախսերն ինքը չի՞ ուզում հատուցել: Ինքը որոշել է հանդիպել այն մասնագետին, ով տեսանյութը հեռացրել էր «Յութուբից»: Խոսել է նրա հետ, նա ասել է, թե հեռացնելը մեկ օր է տևել, ոչ մի ծախս չի արվել, իրեն խնդրել են, ինքը դա արել է օրինական կարգով:

Ինքը Լ.-ին չի ասել, որ հանդիպել է տեսանյութը հեռացրած մասնագետին, բայց սկսել է չպատասխանել Լ.-ի զանգերին: Նա իրեն զանգել է տարբեր համարներից, հաղորդագրություններ է գրել՝ սպառնալով, որ եթե պահանջված գումարները գոնե մաս-մաս չփակի, տեսանյութը նորից կգցի համացանց, կուղարկի ընտանիքի անդամներին ու մտերիմներին: Ինքը մի քանի անգամ զգուշացրել է, որ կդիմի իրավապահներին, բայց նա շարունակել է գումարները պահանջել սպառնալիքներ տալով: 2018 թվականի դեկտեմբերի 4-ին նա եկել ու թակել է իր բնակարանի դուռը: Ինքը այդ ժամանակ տանը մենակ էր՝ կինն ու երեխաները տանը չէին: Լ.-ն ասել է՝ քանի որ զանգերին չես պատասխանում, եկել եմ: Նա ասել է, թե «հազարներ են ծախսվել» տեսանյութը հեռացնելու ընթացքում, ինքը պարտավոր է գոնե «500-ական դոլարով փակվի»…

Նույն օրը տուժողը դիմել է ոստիկանություն ու ներկայացրել է իրավիճակը:

Տուժողն ասել է, թե սկզբում Լ.-ն իրենից գումարներ է ուզել առանց սպառնալիքների: Վերջին 100 հազար դրամը վերցրել է վերադարձնելու խոստումով: Դրանից հետո՝ 2018 թվականի սկզբից մոտ 6 ամիս եղել են սպառնալիքներ, զանգեր են հնչել, նա անընդհատ հիշեցրել է գումարների մասին:

Տուժողն ասել է, թե խնդրո առարկա տեսանյութում ինքը եղել է ալկոհոլի ազդեցության տակ, խոսակցությունը «Սկայպ» ծրագրով էր, թեմաները՝ խիստ անձնական: Ինքը չէր ուզենա, որ իր հարազատներն ու ծանոթները տեսնեին տեսանյութը: Ներկայումս իր միակ նպատակն այն է, որ ամբաստանյալը՝ Լ. Ա.-ն, կորչի իր կյանքից, հեռու մնա իրենից…

Դատարանը Լ. Ա.-ին մեղավոր է ճանաչել շորթման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է տուգանքի՝ 400 հազար դրամի չափով:

Դատավճիռը չի բողոքարկվել, մտել է օրինական ուժի մեջ ու կատարվել է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին