Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը լրագրողների հետ հանդիպեց Թբիլիսում կայացած շախմատի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող Լեւոն Արոնյանը: Հայաստանցի գրոսմայստերը խոսեց անցած մրցաշարի եւ այն մասին, թե ինչն օգնեց նորից շարունակել հաղթել:
«Այս մրցաշարն ինձ համար հավակնորդների մրցաշարին մասնակցելու վերջին հնարավորությունն էր: Հակառակ դեպքում դա կնշանակեր աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարած տարիների կորուստ: Աշխարհի գավաթի խաղարկությունը լարված էր, եւ ուրախ եմ, որ կարողացա մինչեւ վերջ դիմանալ:
Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ դիմակայությունը շատ ծանր դասավորվեց: Դասական շախմատում ամեն ինչ նորմալ էր ընթանում, բայց արագ շախմատի առաջին պարտիայում կրած պարտությունից հետո, որտեղ շատ վատ խաղացի, նյարդերի պայքար սկսվեց: Դրանով են պայմանավորված հետագա պարտիաների ցածր որակը եւ մեծաքանակ սխալները:
ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովն իմ խաղը համեմատեց աշխարհի իներորդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի խաղաոճի հետ: Նման համեմատությունը մեծ պատիվ է ինձ համար, քանի որ նա հանճարեղ շախմատիստ է: Իմ կարծիքով ես մի փոքր ավելի տաքարյուն եմ, եւ դա ինձ միշտ խանգարում է:
Մրցաշարի ընթացքում աշխատում էի շատ զբոսնել, զբաղվում էի սպորտով, շփվում էի մտերիմ մարդկանց հետ: Եթե չլիներ հարազատների եւ ընկերների, հատկապես Արիանայի աջակցությունը, չէի հաղթի: Մոտ մեկ տարի ինձ ուղեկցում էին շախմատային անհաջողությունները: Բայց այդ ժամանակահատվածն օգնեց ինձ ամրապնդել ուժերս, հասկանալ՝ ով է իրոք իմ կողքին: Փետրվարին, երբ վերադարձա հերթական մրցաշարից, ապագայի հետ կապված լուրջ խոսակցություն եղավ Արիանայի հետ եւ դա օգնեց որոշ բաներ վերանայել: Պատրասվում եմ հետագայում էլ լրջորեն աշխատել, որպեսզի հասնեմ գլխավոր նպատակիս՝ շախմատային թագին: Հավակնորդների մրցաշարում հիմնականում անհաջող եմ հանդես գալիս, բայց այս անգամ ամեն ինչ պետք է այլ լինի: Շնորհակալություն նրանց, ովքեր շարունակեցին հավատալ ինձ»,-ասաց Լեւոն Արոնյանը:
Հավելենք, որ Արոնյանը ադրբեջանական SOCAR պետական նավթա-գազային ընկերությունից կստանա մոտ 120․000 դոլար, քանի որ շախմատի աշխարհի գավաթի մրցաշարի գլխավոր հովանավորը և մրցանակային ֆոնդը ձեւավորողը հենց այդ ընկերությունն է։