▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շնչահեղձության հասցնող փոշի.բնակիչները բողոքում են.«Առավոտ»

«Լոռու մարզի Թեղուտ գյուղի բնակիչները բողոքում են «Վալեքս» ընկերության գործունեությունից։ Այս անգամ նրանք ահազանգում են գյուղի դիմացի ճանապարհի վրա կուտակված շնչահեղձության հասցնող փոշու մասին։ Համահայկական բնապահպանական ճակատի անդամներին (ՀԲՃ) նրանք պատմել են, որ գյուղի դիմացի ճանապարհին փոշու հսկայական ամպեր են բարձրանում, ինչն էլ բացասաբար է ազդում մարդկանց առողջության, բնության ու գյուղատնտեսության վրա։ «Երբեմն փոշին այնքան շատ է լինում, որ դժվարանում է նույնիսկ շնչելը», –նշել են թեղուտցիները։

«Առավոտի» հետ զրույցում Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանն իր մտահոգությունը հայտնեց Թեղուտ և Շնող համայնքներում հանքավայրի շահագործման հետ կապված՝ նկատելով, որ հանքարդյունաբերությունը Հայաստանին ավելի շուտ լուրջ վնասներ է հասցնում, քան օգուտ տալիս։ «Այսօր գյուղացիների հիմնական խնդիրը փոշին է, թեև պայթյունները հեռու են կատարվում, այնուամենայնիվ, փոշին տարածվում է։ Հանքի շահագործման հետևանքով գյուղի դիմացի ճանապարհով երթևեկող մարդատար և բեռնատար մեքենաների բանակը մի քանի անգամ ավելացել է, իսկ ճանապարհն, բնակիչների պատմելով, ընդհանրապես չի ջրցանվում»,–ասում է Լևոն Գալստյանը։

Նա պատմում է, որ երբ ավելի քան մեկ ամիս առաջ խումբը գտնվել է գյուղում, այդ օրը ջրցան մեքենաներով ճանապարհը ջրելու փաստը զարմացրել է Թեղուտի մի բնակչահու։ «Կինը գարմացել էր, ասում էր՝ երևի շեֆի հետ կապված հարցեր կան, որ ջրում են, կամ դուք եք եկել, դրա համար են ջրում, թե չէ՝ սենց բան երբ էր եղել»,–հիշում է Լևոն Գալստյանը։ Ըստ ՀԲՃ–ի՝ թեև այսօր գյուղացուն անհանգստացնում է փոշին, սակայն հանքի շահագործման դեպքում փոշուն գումարվելու են թունավոր, ծանր մետաղներով լի դատարկ ապարներն ու պոչամբարը, որոնք լուրջ աղետի են հանգեցնելու։ «Այդ ծրագիրն ուղղակի մահաբեր ծրագիր է»,– եզրափակում է Լևոն Գալստյանը»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`  «Առավոտի» օրաթերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին