Fuat Avni ծածկանունով օգտատերը, ով Twitter-ում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին սոցցանցում իր հրապարակումներով պարբերաբար ցնցում է Թուրքիան, հերթական սկանդալային հայտարարությունն է արել: Թուրքական «Cumhuriyet» թերթի փոխանցմամբ՝ նշյալ օգտատերն այս անգամ առաջ է քաշել այն վարկածը, թե նախագահ Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը, զինված թիկնապահների ուղեկցությամբ փախել է Իտալիա՝ իր հետ տանելով միլիարդավոր դոլարներ:
Այս առթիվ Իտալիայի համապատասխան կառույցների հետ իբրև թե նախապես պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ֆուաթ Ավնին նաև նշել է, թե նախ Էրդողանի որդին տարել է փողերը, հետո պիտի հետևի ընտանիքի և հենց Էրդողանի հեռանալը երկրից:Twitter-ի սկանդալային օգտատիրոջ գրառման համաձայն՝ Էրդողանը Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուին է պատվիրել զբաղվել այդ գործով: Ըստ վարկածի՝ գործընթացի մեջ Սինիրլիօղլուն ներգրավել է նաև իր ամենավստահելի մարդուն՝ Հռոմի Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Այդըն Սեզգինին:
Ֆուաթ Ավնի ծածկանունով հանդես եկող օգտատերը գրում, թե Էրդողանն արդեն հասկացել է , որ ամեն ինչ վերջացել է և ինքը կարող է դատարանի առաջ կանգնել:«Դրա համար նախ որոշել է գումարները երկրից դուրս բերել: Ավելի ուշ ընտանիքն ու ինքն էլ կփախչեն: Բիլալին մինչև ընտրությունները կպահեն Իտալիայում, հետո ըստ իրավիճակի կորոշեն՝ վերադառնա՞ նա, թե` ոչ»: Ըստ Ավնիի՝ քննարկվում են նաև Իտալիայից երրորդ երկիր՝ Շվեյցարիա կամ մեկ ուրիշ վայր տեղափոխվելու հնարավորությունները, համապատասխան աջակիցներ են փնտրվում Ֆրանսիայում և այլուր:
Աղբյուր` Ermenihaber