Սիրիայում ահաբեկչության դեմ հաջող պայքարն անհնար է առանց ցամաքային գործողությունների, որոնք պետք է ապահովի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում: «Ասադի բանակն իրական դաշնակից է»,- ասել է նա:
Ինչպես տեղեկացնում է Gazeta.ru-ն, Պուտինի խոսքով՝ Ֆրանսիայի նախագահի հետ համաձայնություն է ձեռք բերվել տեղեկատվության փոխանակման վերաբերյալ այն մասին, թե երկրում որ տարածքներն են գտնվում «ընդդիմության առողջ մասի», իսկ որոնք ահաբեկչական կազմակերպությունների հսկողության ներքո։
Օլանդի խոսքով ՝ ԻՊ-ի ուղղությամբ Ռուսաստանի և Ֆրանսիայի հարվածները համակարգվելու են:
«Մենք պետք է մեր ավիահարվածները կենտրոնացնենք «Իսլամական պետության» եւ ահաբեկչական այլ խմբավորումների ուղղությամբ»,- ասել է Ֆրանսուա Օլանդը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայում թուրքական օդուժի կողմից խոցված ռազմական օդանավի հետ կապված միջադեպը համարել է Էրդողանի կողմից «հարված թիկունքից»: