Վիեննայում երեքշաբթի օրը հանդիպում են անցկացնում Սիրիայի աջակից խմբի 17 անդամ պետությունները, նպատակ ունենալով գտնել ուղիներ, որոնք կօգնեն պահպանել հրադադարը եւ մարդասիրական օգնություն հասցնել շրջափակման մեջ ընկած հատվածներում բնակվող քաղաքացիներին։
Հանդիպումը վարում են ԱՄՆ-ի ու Ռուսաստանի արտգործնախարարներ Ջոն Քերրին ու Սերգեյ Լավրովը։
Հավաքը կենտրոնանալու է հրադադարը երկարաձգելու ուղիների վրա, սակայն ամենամեծ խնդիրը լինելու է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգի ու երկրի ապստամբ ուժերի միջեւ ՝՝քաղաքական անցման ծրագրի՛՛ քննարկումը։
Քերրիին ուղեկցող անձնակազմի անդամներն ասել են, թե ԱՄՆ-ը դեռեւս շարունակում է պնդել, որ ծրագիրն օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնելու համար Ասադը պիտի հեռանա իշխանությունից։ Սակայն, ստանալով Ռուսաստանի ու Իրանի աջակցությունը, ինչպես նաեւ ռազմի դաշտում գրանցելով առաջխաղացում, Ասադը ցույց չի տալիս հեռանալու որեւէ նշան։
Հիշեցնենք, որ Ժնեւում ՄԱԿ-ի կողմից հովանավորված խաղաղության բանակցություններն անցյալ ամիս ավարտվեցին առանց որեւէ առաջընթացի, երբ ընդդիմության պատվիրակությունը որպես բողոք, լքեց բանակցությունների սրահը՝ ակնարկելով Ասադի ուժերի ու Ռուսաստանի կողմից շարունակվող ռազմական գործողությունները։