Արման Խաչատրյանին շատերը ճանաչում են «Այրված անուրջներ» սերիալից, որում նա մարմնավորում է Տիգրանին: Asekose.am-ը զրուցել է երիտասարդ դերասանի հետ՝ անցած ուղու, ստեղծագործական երազանքների, անձնական կյանքի մասին և ոչ միայն:
Ինձ անլուրջ են մոտենում
Մինչև օրս, երբ արդեն թատրոնում մեծ զբաղվածություն ունեմ, նկարահանվում եմ սերիալում, ծնողներս լուրջ չեն վերաբերվում աշխատանքիս: Մայրս թատերասեր է, սակայն հայրս ու ազգականներիցս մի քանիսը լուրջ չեն մոտենում ինձ՝ ասելով, որ դե թատրոն է: Նրանք ինձ համար այլ մասնագիտություններ էին պատկերացնում, օրինակ՝ պատկերացնում էին, որ հայտնի պլաստիկ վիրաբույժ կդառնամ, բայց ես ապրում եմ թատրոնով: Դա, թերևս, պայմանավորված է նաև այն կարծրատիպով, որ դերասանները լավ չեն վարձատրվում, բայց ես, փառք Աստծո, վատ չեմ վարձատրվում, չեմ բողոքում: Իհարկե, կցանկանայի ավելի շատ վարձատրվել, բայց ես երջանիկ եմ, որ իմ սիրած աշխատանքով եմ զբաղվում:
Սիրահարվեցի, շոկի մեջ էի, չէի քնում գիշերները
Դերասան դառնալու որոշումս պայմանավորված էր նրանով, որ պաշտում էի թատրոնը, հիմա ավելի շատ եմ պաշտում (եթե նման բառ կա): Երբ դպրոցական էի, գնացինք ներկայացում նայելու: «Մեր տան տերերը» ներկայացումն էր՝ Սվետլանա Գրիգորյանի մասնակցությամբ: Նայեցի ներկայացումն ու սիրահարվեցի, շոկի մեջ էի, չէի քնում գիշերները: Ինքս ինձ տեսնում էի բեմում, ինչպես եմ խաղում տիկին Սվետայի հետ: Նույն էլ ասում էին նաև համադասարանցիներս՝ ասելով, թե ինչպես է, որ արդեն բեմում չեմ: Պետք է նշեմ, որ այդ տարիքում առավել մտածում էի բեմադրիչ դառնալու մասին, որովհետև հավաքվում էինք բակի երեխաներով, տարբեր հանդես, ծաղկի փառատոններ և այլ նմանատիպ բաներ էին բեմադրում:
Շատ մեծ էր հիասթափությունս
Ընդունվեցի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, շատ մեծ էր հիասթափությունս, սակայն շատ շնորհակալ եմ իմ վարպետին՝ Վահե Շահվերդյանին, ում շնորհիվ էլ ավելի սկսեցի պաշտել թատրոնը: Մեծ բողոք ունեմ կինոռեժիսորներից, քանի որ պրակտիկ գիտելիքներ չեն տրվում, չկա փորձ, թե ինչպես պետք է աշխատել տեսախցիկների հետ: Սովետական տեխնիկա, սովետական գրականություն, որևէ անդրադարձ չկա արդի դրամատուրգիային, միշտ հինը, ես կողմ եմ դասականին, սակայն պետք է քայլել ժամանակին համընթաց:
Ամեն ներկայացումից ստանում էի 3000-3500 դրամ
Երկու տարի աշխատել եմ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Այնտեղ էի հայտնվել ընկերոջս՝ մոդել Դավիթ Ղարիբյանի միջոցով, նա էր ասել, որ թափուր հաստիք կա: Մասսայական դերերում էի հանդես գալիս: Հեռացա նախքան սերիալներում նկարահանվելը, որովհետև ժամանակս չէր բավականացնում, ուսանողական ներկայացումներում մեծ զբաղվածություն ունեի, չէի հասցնում: Բացի դրանից, կլինեմ անկեղծ՝ շատ քիչ էի վաստակում, ամեն ներկայացումից ստանում էի 3000-3500 դրամ, ընդհանուր առմամբ՝ ամսական մոտ 15.000 -20.000 դրամ էի աշխատում: Գումարի համար չէի աշխատում, դերասանի համար մեծ փորձ էր:
Սերիալում չես ինքնաարտահայտվում
Սերիալում եմ նկարահանվում, սակայն առաջնայինն ինձ համար թատրոնն է: Նախքան նկարահանվելս շատ էի մտածում՝ գնալ այդ քայլին, թե՝ ոչ: Ահավոր մեծ է տարբերությունը, իրականում սերիալում չես կարողանում ինքնաարտահայտվել: Իհարկե, սերիալում ընկերներ ես ձեռք բերում, շրջապատդ է մեծանում, ճանաչում, սակայն թատրոնն այլ է: Այս պահին իմ առաջին վարպետը՝ Սամսոն Ստեփանյանը, ինձ հրավիրեց Կամերային երաժշտական թատրոն, մանկական ներկայացումներում եմ ընդգրկված, առջևում սպասվում են նոր դերեր: Շատ շնորհակալ եմ վարպետիս, նախապատրաստում եմ նաև ներկայացումներ այժմյան վարպետիս՝ Վահե Շահվերդյանի հետ: Կլինեն մոնո ներկայացումներ:
Ցանկանում էլ, որ նա էլ ինձ սիրի
Անձնական կյանքումս փոփոխություն չկա, ընկերներիս ասում եմ, որ ապրում եմ անանձնական կյանքով: Ամեն ինչ մասնագիտական է, ինձ թվում է՝ կամուսնանամ թատրոնի հետ: Ինչ վերաբերվում է երազանքներին, ապա կասեի, որ երազում եմ նկարահանվել Բրիժիտ Բարդոյի և Սոֆի Լորենի հետ, սակայն իրական երազանքներից, թերևս կնշեմ, որ ցանկանում եմ օգուտ տալ իմ արվեստով կամ օրինակ լինել: Շատ եմ սիրում իմ մասնագիտությունը, ցանկանում եմ, որ նա էլ ինձ սիրի, այդ դեպքում, երևի, մի բան կստացվի:
Հեղինակ՝ Լիլիթ Հակոբյան