Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Թաիլանդական Պատտայա քաղաքում 109 կգ քաշային աշխարհի գործող չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը սահմանեց աշխարհի ռեկորդ պոկում վարժությունում:
Մեր մարզիկը անթերի գործեց պոկում վարժությունում և բարձրացրեց բոլոր երեք մոտեցումները. նախ 190 կգ, ապա 195կգ և ամենավերջում բարձրացնելով 199 կգ ծանրաձողը, Սիմոնը սահմանեց աշխարհի ռեկորդ և նվաճեց փոքր ոսկե մեդալ:
Հրում վարժությունում նույնպես Հայաստանի ներկայացուցիչը նախնական պատվիրել էր ամենածանր քաշը՝ 230 կգ: Բոլոր ծանրորդները ավարտեցին իրենց մրցելույթները, նոր միայն Սիմոնը սկսեց իր առաջին մոտեցումը՝ հաջողությամբ բարձրացնելով 230 կգ-ը և ունենալով երկու մոտեցում՝ հռչակվեց աշխարհի չեմպիոն:
Հաջորդ քաշը 241կգ-ն էր, որը կապահովեր երկամարտի և հրման աշխարհի ռեկորդի թարմեցումը: Ցավոք, երկրորդ մոտեցումը մեր մարզիկի մոտ չստացվեց: Իսկ երրորդ մոտեցմանը Սիմոնը հրաժարվեց, քանի որ արդեն իսկ ապահովել էր ոսկե մեդալը:
Այսպիսով, մեր ծանրորդը ընդամենը 4 մատուցմամբ գերազանցեց բոլորին և նվաճեց բաղձալի ոսկե մեդալը: