«Վաղուց եմ քաղաքական դաշտում, գիտեմ բոլորի կարողությունները: Շատ դեպքերում կռիվ է գնում աթոռի համար, մեծ նպատակներ չկան: Իսկ Սեյրան Օհանյանը մաքուր մարդ է, սկզբունքային: Պատկերացրեք, նրան 5-10 պաշտոն են առաջարկել, չի համաձայնել, դա ինձ գրավում է: Բացի այդ՝ բաց դաշինք է, ոչ թե ընտրում ու բոլորին են հրավիրում, իսկ դա ինձ գրավեց»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ բացատրելով Սեյրան Օհանյան-Վիկտոր Դալլաքյան,-Վարդան Օսկանյան- Արամ Սարգսյան-Պարույր Հայրիկյան դաշինքին միանալու իր որոշման մասին՝ ասաց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:
Նրա խոսքով՝ իշխանավորներն արդեն խուճապի մեջ են, քանի որ նրանց շարքերը շատերն են լքում:
«Ամենակարևորը ընդդիմության միավորվելն է: Իշխանությունը չպետք է կարողանա միշտ բարձունքում լինել: Եթե Սերժ Սարգսյանն իր կողմնակիցներին չի վստահում, ապա իրեն էլ հայ ժողովուրդը չի վստահում: Քաղաքական դաշտը պետք է կայանա, որպեսզի կարողանա իշխանափոխություն անել: Միշտ հարցրել եք՝ ինչո՞ւ չի միանում ընդդիմությունը, հիմա միանում է: Անարդարության մեջ ինչքա՞ն կարելի է ապրել: Ինչ ուզում անում են՝ ո՞վ է ժողովրդին հաշվի առնում: Մենք պետք է ոչ ռուսամետ, ոչ էլ արևմտամետ լինենք: Հայամետ է անհրաժեշտ լինել»,-նկատեց Տիգրան Կարապետյանը:
Անի Կարապետյան