«Երեկ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ ՀՀԿ Կենտրոնի տարածքային կազմակերպության նիստից հետո էլ չհստակեցվեց, թե ով է լինելու հաջորդ վարչապետը, սակայն, որոշ տեղեկություններով, Սերժ Սարգսյանն արդեն իսկ ունի ֆավորիտ թեկնածու: Այն, որ այդ թեկնածուն այլեւս Հովիկ Աբրահամյանը չէ՝ ակնհայտ է: ՀՀԿ վերջին նիստից հետո նրա անունը չհրապարակելը եւ քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաները եւս հաստատում են, որ Հովիկ Աբրահամյանն այլեւս վարչապետի պաշտոնի հավակնորդ չէ:
«Ժամանակի» տեղեկություններով, Սերժ Սարգսյանի ընտրությունը կանգ է առել Կարեն Կարապետյանի` Գազի Կարենի վրա: Ենթադրվում է, որ կիրակի կեսօրին ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստից հետո կհնչի հենց նրա անունը:
Կարեն Կարապետյանը ընդունելի թեկնածու է Ռուսաստանի համար, որով էլ հաստատվում են այն պնդումները, թե ՀՀ նոր վարչապետը նշանակվելու է Ռուսաստանի կողմից: Կարեն Կարապետյանը, թերեւս, ամենահարմար պաշտոնյան է, որը Ռուսաստանի թելադրմամբ հաջողությամբ ավարտին կհասցնի Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու գործընթացը:
Բացի այդ, նա անկուսակցական է: Այդ իմաստով էլ հաստատվում է վարչապետի հրաժարականից հետո Էդուարդ Շարմազանովի այն պնդումը, թե հաջորդ վարչապետը կարող է եւ չլինել ՀՀԿ-ական»:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ» թերթի այսօրվա համարում