Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ուֆայում մասնակցել է ԲՐԻԿՍ, ԵԱՏՄ և Շանհայան համագործակցության կազմակերպության համատեղ գագաթնաժողովին: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով:
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Ուֆայում կայացած գագաթնաժողովում
Պետությունների և կառավարությունների հարգելի՛ ղեկավարներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Նախ և առաջ, կցանկանայի շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին՝ այս գագաթնաժողովի կազմակերպման և մեզ ցուցաբերած ջերմ ընդունելության համար:
Ողջունում եմ այս ձևաչափով հանդիպման նախաձեռնությունը:
Այստեղ ներկայացված երկրների տնտեսական, քաղաքական և մշակութային բազմազանությունը, հնարավորություններն ու ներուժը հզոր նախադրյալ են ստեղծում միջազգային և տարածաշրջանային անվտանգության առավել արդիական խնդիրներին լուծումներ որոնելու համար:
Մեր պատկերացմամբ, ԲՐԻԿՍ-ԵԱՏՄ-Շանհայան համագործակցության կազմակերպություն փոխգործակցության հիմքում ընկած է ինտեգրացիոն գործընթացների փոխլրացնող և փոխշահավետ զարգացման սկզբունքի ապահովման ընդհանուր հետաքրքրվածությունը:
Այս գաղափարի արդյունավետ իրականացման համար, մեր կարծիքով, անհրաժեշտ է մեր ինտեգրացիոն միավորումների ներուժի համադրում և տարբեր ոլորտներում համատեղ խոշոր ծրագրերի իրականացում՝ մեր կազմակերպությունների շրջանակներում ստեղծված զարգացման ֆինանսական ինստիտուտների ներգրավմամբ: Ֆինանսական ինստիտուտների գործունեության համակարգման արդյունավետությունը էապես կօգնի այստեղ ներկայացված զարգացող տնտեսություններ ունեցող երկրներում ներդրումային հոսքերի մեծացման նպաստելուն, որն իր հերթին կբերի կայուն տնտեսական աճի:
Որպես ասվածի գործնական օրինակ կարող է դառնալ եվրասիական ինտեգրացիայի և «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» նախաձեռնության զուգակցումը, որոնք ներդաշնակորեն փոխգործակցելով, հեռանկարում կարող են ապահովել խոշոր ենթակառուցվածքային և տրանսպորտային ծրագրերի իրականացումը նոր մակարդակի բարձրացնելու գործը:
Հայաստանի դեպքում այդպիսի ծրագիր կարող է դառնալ Հայաստան-Իրան երկաթուղային ճանապարհի կառուցումը, որը Պարսից ծոցի միջոցով կապահովի ԵԱՏՄ երկրների ելքը դեպի Հնդկական օվկիանոս: Արդեն պատրաստ է տեխնիկական-տնտեսական հիմնավորումը, և ծրագիրը բաց է պետական-մասնավոր գործընկերության համար: Հուսով ենք, որ այստեղ ներկա երկրներից ընկերությունները հետաքրքրություն կդրսևորեն:
Օգտվելով առիթից, կցանկանայի հույս հայտնել, որ Իրանի ատոմային ծրագրի հետ կապված բանակցությունները հաջողությամբ կպսակվեն, ինչը կնպաստի ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդմանը, նոր հնարավորություններ կբացի տնտեսական համագործակցության համար: Որպես բարեկամ Իրանի հարևան երկիր՝ Հայաստանն անկեղծորեն ցանկանում է դա:
Հարգելի՛ գործընկերներ,
Այստեղ ներկայացված կառույցների հետաքրքրությունների շրջանակը ներառում է նաև գլոբալ և տարածաշրջանային անվտանգության հարցեր՝ ահաբեկչության, թմրանյութերի սպառնալիքի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, հակամարտությունների կարգավորում:
Մենք ելնում ենք ջանքերի համախմբման անհրաժեշտությունից՝ ի շահ հակամարտությունների կանխարգելման, համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում բացառապես խաղաղ միջոցներով դրանց կարգավորման և բոլոր հակամարտող կողմերի շահերը հաշվի առնելով, ինչպես նաև հանդես ենք գալիս վերը նշված մարտահրավերների դեմ պայքարի հավաքական արդյունավետ մեխանիզմների մշակման օգտին:
Մենք համոզված ենք, որ անվտանգության անբաժանելիության հիման վրա տարբեր ինտեգրացիոն միավորումների միջև երկխոսությունն ու փոխգործակցությունը կարող են կարևոր ներդրում ունենալ առանց բաժանարար գծերի ընդհանուր տարածության ձևավորման գործում՝ ի նպաստ բոլոր պետությունների: Այսպիսի մասշտաբային խնդրի իրագործումը, բնականաբար, հնարավոր է միայն միջազգային իրավունքի գերակայության, ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների նկատմամբ հարգանքի, խաղի ընդհանուր համաձայնեցված կանոնների պահպանման, այդ կանոնների ուղղակի կամ անուղղակի խախտումների, ընտրողական մոտեցման, միակողմանի պատժամիջոցների, ներառյալ` շրջափակման ու այլ սահմանափակող միջոցների կիրառման անթույլատրելիության հիման վրա:
Հայաստանը հաստատում է տարբեր ձևաչափերում նման երկխոսության պատրաստակամությունը՝ փորձի փոխանակման և ինտեգրացիոն գործընթացների ներդաշնակ, փոխլրացնող ու փոխշահավետ զարգացման ապահովման ուղիներ գտնելու քննարկման նպատակով, ինչպես նաև համագործակցությունը՝ միմյանց շահերը հարգելով:
Հենց այս մոտեցումն է ընկած մեր մտադրության հիմքում՝ համակարգել փոխգործակցությունը Շանհայան համագործակցության կազմակերպության հետ, որի դիտորդ-պետության կարգավիճակ ստանալու վերաբերյալ դիմումը Հայաստանը ներկայացրել է դեռևս 2012թ. մայիսին:
Պետությունների և կառավարությունների հարգելի՛ ղեկավարներ,
Մենք ընդհանուր հետաքրքրվածություն ունենք բազմապլան համագործակցության ընդլայնման, վստահության և փոխըմբռնման ամրապնդման հարցում: Կարևոր է, որպեսզի մենք կարողանանք ստեղծել արդյունավետ գործիքակազմ ոչ միայն միջպետական, այլև միջանձնային, հանրային դիվանագիտության և մեր երկրների գործարար շրջանակների շփումների մակարդակում փոխշահավետ համագործակցության համար: