«ՀՀԿ-ն հիմա պարտավոր է ցույց տալ, որ Սահմանադրությունն իսկապես որոշակի ազդակ և հնարավորություն է ստեղծում, որպեսզի իրավիճակը փոփոխվի: Շատ հետաքրքիր է նաև օրվա ընտրությունը.եթե հիշում եք՝ անցած տարի փետրվարի 12-ին էր հայտնի ելույթը, որը շատ արագ հետևանքներ ու արդյունքներ ունեցավ: Մեկ տարի անց Սերժ Սարգսյանը նույն օրը շատ հստակ ելույթ ունեցավ: Նա անդրադարձավ սոցիալ-տնտեսական վիճակին, օրենքի առջև ոչ համարժեք պատասխանատվությանը և այլն: Եվ, եթե ամենն անկեղծ էր ասվում, շատ արագ կզգանք փոփոխությունը»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչության խորհրդատու խորհրդական Գառնիկ Իսագուլյանը:
Նրա խոսքով՝ արժե մոնիթորինգ անցկացնել և հետևել ու հասկանալ, թե ինչպիսի ազդեցություն ունեցավ ելույթը. « Պետք է տեսնենք, թե որ նախարարությունը, ինչ է արել այդ ելույթից հետո: Հասկանանք՝ տեղ հասե՞լ է ասածը, թե՝ ոչ: ՀՅԴ-ին էլ պետք է հետևենք, տեսնենք, ինչ կփոխվի, որ Աշոտյանին փոխարինի Մկրտչյանը: Կամ մարզպետի փոփոխությամբ ինչ կփոխվի մարզում»:
ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի համար էլ այս ելույթը զենքի նման է, քանի որ անընդհատ հիշեցնելու է. «Եթե շարունակեն նույն վարքագիծը՝ ասելու եմ, արդյոք նրանք չեն հարգում իրենց կուսակցության ղեկավարին, արդյոք նրանց համար ոչինչ է Սերժ Սարգսյանի խոսքը»,-ասաց պատգամավորը:
Անի Կարապետյան