▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը Վիեննայում հանդիպում է ունեցել ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիեննայում հանդիպում է ունեցել Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանի զարգացումներին և անվտանգությանն սպառնացող ներկայիս մարտահրավերներին վերաբերող հարցեր: Այդ համատեքստում հանգամանալից անդրադարձ է եղել ԼՂ հակամարտության շփման գոտում անցյալ ամսվա սկզբին հրադադարի կոպիտ խախտման հետևանքով առաջացած լարվածության աճին և ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորություններին: Նախագահ Սարգսյանը ներկայացնելով հայկական կողմի դիրքորոշումը բանակցային գործընթացի վերսկսման վերաբերյալ` կարևորել է 1994թ. հրադադարի և 1995թ. հրադադարի ռեժիմի ամրապնդման միջոցառումների համաձայնագրերի անվերապահ կատարման անհրաժեշտությունը, որպես խնդրի կարգավորման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը նպատակաուղղված առաջին քայլ:

Ֆ. Մոգերինին վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ջանքերին և պատրաստակամություն հայտնել սատարելու հակամարտության գոտում վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման հարցում: Այդ առումով հայկական կողմը կարևորել է ԵՄ ներկայացուցիչների այցելությունները հակամարտությունից տուժած շրջաններ:

Հույս է հայտնվել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ Վիեննայում այսօր կայանալիք հանդիպումները կնպաստեն ստեղծված իրավիճակի հաղթահարմանը, տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստան-Եվրամիություն երկկողմ հարաբերությունների օրակարգին, այդ թվում՝ առանձին ոլորտներում համագործակցությանը: 

ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին