Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհակալական հեռագրեր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Յոախիմ Գաուկին, Կանցլեր Անգելա Մերկելին և Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտին՝ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ: ՀՀ Նախագահը խորին շնորհակալություն է հայտնել նրանց և Գերմանիայի բոլոր այն քաղաքական և հասարակական ուժերին, որոնք իրենց վճռական խոսքն ասացին այս հարցում։ Նախագահ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ բանաձևն իր ուրույն դերը կունենա ցեղասպանությունների ճանաչման և կանխարգելման գործում։
«Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն իսկապես պատմական քայլ էր. պատմական՝ ոչ միայն Հայաստանի և հայ ժողովրդի, Գերմանիայի և գերմանացի ժողովրդի, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհի համար։ Այն խորհրդանշում է ժողովրդավարության, համամարդկային արժեքների գերակայությունը և ընդգծում Գերմանիայի հետևողական դերն այդ արժեքների պահպանման գործում: Այն ուղերձ է ամբողջ աշխարհին առ այն, որ մարդկության դեմ գործված նույնիսկ հարյուրամյա վաղեմության հանցագործությունները ոչ միայն չեն մոռացվում, այլև դատապարտվում են՝ ճշգրիտ բնորոշմամբ»,-ասված է ՀՀ Նախագահի խոսքում: