«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայությունը, ինչպես նաեւ քաղաքական տարբեր ուժեր պարբերաբար հանրային կարծիքի ուսումնասիրություններ են իրականացնում, որպեսզի պարզեն քաղաքական ուժերի եւ Նիկոլ Փաշինյանի իրական վարկանիշը։ Նման ուսումնասիրությունները, որպես կանոն, չեն հրապարակվում, դրանք ներքին օգտագործման համար են։ Մեր տեղեկություններով, վերջերս նման ուսումնասիրություն է կատարվել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պատվերով։
Հարցման արդյունքները գաղտնի են պահվում, բայց դրանց արդյունքներին ծանոթ անձինք պնդում են, որ պատկերը բավականին ոգեւորիչ է եղել ընդդիմության համար։ Համաձայն այդ հարցումների՝ չնայած անհատ գործիչների մեջ ամենաբարձր վարկանիշն այս պահի դրությամբ էլ ունի գործող վարչապետ Փաշինյանը, սակայն այն էականորեն անկում է ապրել եւ այս պահին 20-25 տոկոսի սահմաններում է ու նվազելու միտում ունի։
Բնականաբար, ինչպեսեւ սպասում էինք, ՀՀԿ-ից ո՛չ հաստատեցին մեր տեղեկությունը եւ ո՛չ էլ հերքեցին։ Նկատենք նաեւ, որ բոլոր իշխանությունները ադմինիստրատիվ ռեսուրսի հաշվին մշտապես մոտ 30 տոկոս ունենում են»: