Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել է խստորեն ուսումնասիրել ՀՖՖ Ռուբեն Հայրապետյանի և ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրականի անունների հետ կապված միջադեպերը: Առաջիկայում Գլխավոր դատախազությունը պաշտոնական հայտարարություն կանի: Այս մասին լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը.
«Ես ձեռնպահ կմնամ որեւէ գնահատական հնչեցնելուց, առայժմ մենք խոսում ենք ենթադրություննների դաշտից: Վստահ եմ, որ առաջիկայում Գլխավոր դատախազությունը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ այս դեպքերի հետ կապված»:
Հիշեցնենք, որ օրերս «Էյր Արմենիա» ավիաընկերության տնօրեն Արմեն Ավետիսյանի կինը հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշել էր, որ իր ամուսինը ծեծի է ենթարկվել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի` 7-8 թիկնապահների կողմից: Հավելենք նաև, որ երեկ Արմեն Ավետիսյանը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել հաշտության առաջարկը և միջադեպի հետ կապված բողոք չի ներկայացնելու:
Ավելի վաղ նաև տեղեկացրել ենք, որ օգոստոսի 15-ին «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը և նրա կինն իրենց տանը մի խումբ անձանց կողմից ծեծի են ենթարկվել: Ավելի ուշ Վահան Մարտիրոսյանի կինը հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշում էր, որ այդ ամենը տեղի է ունեցել իրենց երկու տարեկան որդու առջև, կատարվածի մեջ էլ մեղադրում էր ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի բարեկամներին: Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում Վահան Մարտիրոսյանը նշել է, որ իր կինը ծեծի ենթարկվելու պահին հղի էր, սակայն վիժել է.
«Կինս մեկ ու կես ամսական հղի էր և հղիության արհեստական ընդհատում չի եղել: Մենք մեկ բժշկի ենք այցելել, ով հաստատել է, որ կնոջս մոտ վիժում է եղել, բայց չի տրամադրում համապատասխան փաստաթուղթը, որովհետև գիտի, թե մենք ով ենք, նույնիսկ ասում է, որ եթե ինձ տեսնեն հիվանդանոցի միջանցքում, կսկսեն խոսել այդ մասին: Այս պահին փորձում ենք մասնագետ գտնել, ով չի վախենա և կտրամադրի համապատասխան փաստաթուղթ, որից հետո ես բոլորին կհայտարարեմ, որ եթե այդ բժշկի հետ որևէ բան տեղի ունենա (օրինակ` տնից դուրս գալուց ոտքը կոտրի), ամեն բան հասկանալի կլինի»: