ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով այս պահին պատասխանում է քաղաքացիների հարցերին:
Վերջինիս խոսքով՝ «Սասնա ծռերի» կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված ճգնաժամը համընկավ այն ժամանակահատվածի հետ, երբ պետք է կողմերի միջև տեղի ունենային ԼՂ խնդրի շուրջ աշխատանքային քննարկումները: «Այն, որ որոշակի հետաձգում տեղի ունեցավ, դա փաստ է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Օգտատերերից մեկի այն հարցին, թե ինչո՞ւ ինքը չներգրավվեց Հակաճգնաժամային խորհրդում, Փաշինյանը պատասխանեց, որ եթե լիներ միայն Վիտալի Բալասանյանի հայտարարությունն այն մասին, որ Ժիրայր Սէֆիլյանը հրաժարվում է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից, ապա գուցե ինքը լիներ այդ խորհրդում, բայց Վարուժան Ավետիսյանն ասել էր, որ կա երրորդ տարբերակ, որը չի ենթադրում Սերժ Սարգսյանի հրաժարականը:
«Սերժ Սարգսյանի ու «Հիմնադիր խորհրդարանի» միջև քննարկվում է մի տարբերակ, որով Սերժ Սարգսյանի հրաժարականը կարևոր պահանջ չէ: Ի՞նչ է նշանակում՝ ժողովրդին հրավիրել փողոց ու Սերժ Սարգսյանի հետ գաղտնի բանակցություններ վարել»:
Օգտատերերից մեկն անդրադարձավ Սերժ Սարգսյանի ելույթի այն հատվածին, որը վերաբերում էր ԼՂ ազատագրված տարածքների զիջմանը: Հարցին՝ արդյոք ինքը պատերազմի հավանականություն այս պահին տեսնո՞ւմ է, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց հետևյալ կերպ.
«Սերժ Սարգսյանը չի ասել, որ հող չենք հանձնելու, հակառակը՝ հստակ ասել է, որ իշխանությունը պատրաստակամ է ազատագրված տարածքներից վերադարձնել, բայց միակողմանի չեն լինելու զիջումները: Եթե հող հանձնվի ադրբեջանական կողմին, ապա հայկական կողմը դրա դիմաց ինչ-որ բան է ստանալու:Երբ Սերժ Սարգսյանն ասում է, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, չի շեշտում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, ինչը պատահական չէ, որովհետև իմ ունեցած տեղեկություններով ներկայումս գործող փաթեթը էականորեն տարբերվում է նրանով, որ այնտեղ խոսք է գնում Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի մասին՝ առանց շեշտելու ինչ-որ ժամկետներ: Այն ամենապրոբլեմատիկ կետերից մեկն է, ինչ վերաբերում է պատերազմի հավանականությանը, քառօրյա պատերազմը, ու դրանից առաջ ու հետո ժամանակաշրջանը ցույց տվեց, որ անընդհատ պատերազմական վիճակում ենք գտնվում: Պատերազմի հավանականությունն այնպիսին է, որ ցանկացած պահի կարող է կրկնվել»,-ասաց ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը: