Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակությանը:
Հանրապետության Նախագահը ողջունել է ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ռուսաստանի պատվիրակությանը և ընդգծել, որ հանձնաժողովը կարևոր դեր ունի երկու երկրների տնտեսական փոխգործակցության զարգացման գործում:
Սերժ Սարգսյանի խոսքով, հանձնաժողովի՝ միայն նախորդ և այս նիստերի միջև ընկած ժամանակահատվածում (վերջին մեկուկես տարվա ընթացքում) ստորագրվել և ուժի մեջ են մտել շուրջ երեք տասնյակ միջազգային, միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր, որոնք լրացնում են հայ-ռուսական իրավապայմանագրային բազան: Եվս մոտ տասը փաստաթուղթ գտնվում է մշակման փուլում:
Նախագահը գոհունակությամբ է նշել, որ այդ ժամանակահատվածում լուծվել են Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեցող մի շարք հարցեր, այդ թվում՝ Հայաստանին մատակարարվող բնական գազի գնագոյացման հարցը. հունվարի 1-ից Հայաստանը 1000 խմ համար վճարում է 165 ԱՄՆ դոլար՝ նախկին 189 ԱՄՆ դոլարի փոխարեն: Նախագահի խոսքով, դա թույլ տվեց չթանկացնել և կայուն պահել բնական գազի սակագինը՝ չնայած ԱՄՆ դոլարի և ՀՀ ազգային արժույթի՝ դրամի փոխարժեքի տատանմանը:
Սերժ Սարգսյանի խոսքով, միջկառավարական հանձնաժողովի այսօրվա նիստը նշանավորվեց նաև Հայաստանին 200 մլն ԱՄՆ դոլարի չափով արտոնյալ արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրի ստորագրմամբ, ինչը թույլ կտա զգալիորեն ընդլայնել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի զինանոցի ժամանակակից սպառազինման տեսականին:
Օգտվելով առիթից՝ Նախագահը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի իրավապահ մարմիններին և, մասնավորապես՝ դատախազությանը այս տարի հունվարին Գյումրիում կատարված անմարդկային հանցագործության հետաքննության կազմակերպման հարցերով Հայաստանի դատախազության հետ արդյունավետ փոխգործակցության համար: Սպանության մասով գործը Հայաստանի քննչական կոմիտեի վարույթ հանձնելու որոշումը և Հայաստանի համապատասխան ատյանի կողմից հետագա դատաքննությունը, ըստ Հանրապետության Նախագահի, անկասկած, արտացոլում է գործընկերության և եղբայրության ոգին և լիովին համապատասխանում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի կարգավիճակի մասին հայ-ռուսական համաձայնագրի դրույթներին:
Միևնույն ժամանակ, Նախագահը հատուկ ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմաբազան հանդիսանում է մեր երկրի անվտանգության համակարգի կարևոր բաղկացուցիչ:
Նշելով, որ արդեն ուժի մեջ է մտել Հայկական ատոմային էլեկտրակայանի գործունեության արդիականացման և գործունեության ժամկետի երկարացման մասին համաձայնագիրը, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Ռոսատոմի մասնագետներն արդեն սկսել են աշխատանքն այդ ուղղությամբ:
Անդրադառնալով Երևանում արդեն մի քանի օր էլեկտրաէներգիայի գնի բարձրացման դեմ բողոքի ակցիային՝ Հանրապետության Նախագահն ասել է, որ որոշ փորձագետներ փորձում են այդ ամենի մեջ հակառուսական տրամադրություններ փնտրել: Նա ընդգծել է, թե իրեն ուրախացնում է, որ ցուցարարներն իրենք են հաստատում այդ ենթադրությունների անհեթեթությունը:
Նախագահը տեղեկացրել է հյուրերին, որ Հայաստանում ստիպված գնացին ժողովրդականություն չվայելող քայլի՝ հաշվի առնելով հայկական դրամի ինֆլյացիայի մակարդակը և արտադրվող էներգիայի ինքնարժեքի բարձրացումը: Ըստ նրա, անշուշտ, հաշվի են առնվել նաև սակագնի բարձրացման սուբսիդավորման միջոցով անապահով ընտանիքների սոցիալական աջակցության հարցերը. երեկ Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի շուրջ 105 հազար ընտանիք, այսինքն՝ Հանրապետության շուրջ 400 հազար քաղաքացի կստանան փոխհատուցում: Նոր սակագնի հաշվարկումն իր մեջ չի ներառում Բաշխիչ ցանցերի գործունեության հնարավոր բացթողումների հետ կապված կորուստները:
Ըստ Նախագահի, ճիշտ կլինի, որ միջկառավարական հանձնաժողովը առանձնահատուկ ուշադրություն դարձնի Հայաստանում ռուսաստանյան ընկերությունների գործունեությանը: Ռուսաստանը Հայաստանի առաջին ներդրողն է՝ ՌԴ համախառն ներդրումները կազմել են ավելի քան 3 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը Հայաստանի տնտեսության համար լուրջ թիվ է: «Մենք մի կողմից ուզում ենք, որ դուք զբաղվեք այդ ներդրումների պաշտպանությամբ, իսկ մյուս կողմից՝ տվյալ հարցին նայեք այդ ընկերությունների սոցիալական պատասխանատվության տեսանկյունից»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Նախագահը նշել է, թե ճիշտ կլիներ, որ միջկառավարական հանձնաժողովի կողմից դիտարկվեր «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկության՝ Հայաստանի բաշխիչ ցանցերի գործունեության մանրազնին աուդիտի անցկացման հնարավորությունը նրանց ամբողջ գործունեության ընթացքի համար՝ փորձագիտական հանրության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Մաքսիմ Սոկոլովը գոհունակությամբ է նշել, որ Երևանում կայացած հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստն անցել է կառուցողական մթնոլորտում, ընթացել է հաջող՝ աշխատանքն ավարտելով հստակ արդյունքներով: Նա նշել է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցումից հետո որակապես նոր հնարավորություններ են բացվել փոխգործակցության և Հայաստանի գործարար համայնքի համար՝ միության տարածքում իրենց գործարար ծրագրերի իրագործման համար:
Մաքսիմ Սոկոլովը գոհունակությամբ է նշել, որ հայ-ռուսական ներդրումային համագործակցությունը դինամիկ զարգանում է՝ այս ընթացքում Հայաստանում բացվել են ռուսաստանյան կապիտալի մասնակցությամբ ընկերություններ և ընդգծել է, որ իր տեղեկություններով ներդրողները Հայաստանում նոր ձեռնարկությունների կառուցման ծրագրեր ունեն, այդ թվում՝ գյուղմթերքի աճեցման և վերամշակման ոլորտում: Այս համատեքստում Մաքսիմ Սոկոլովը կարևորել է այսօր Երևանում ՌԴ առևտրային ներկայացուցչության նոր գրասենյակի բացումը, որը, նրա համոզմամբ, թույլ կտա, որպեսզի գործարարներն ավելի սերտ և արդյունավետ համագործակցեն միմյանց հետ:
Ինչ վերաբերում է էլեկտրաէներգետիկայի ոլորտում բաշխիչ ընկերության գործունեությանը, ըստ Մաքսիմ Սոկոլովի միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո ՀՀ կառավարության շենքում փոխվարչապետի, էներգետիկայի նախարարի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավարի հետ մանրամասնորեն դիտարկել են նախկին ժամանակաշրջանում այդ ընկերության գործունեության հետ կապված բոլոր հարցերը: Ամենակարևորը, ըստ նրա, նշվել է, որ կա հստակ ծրագիր՝ այդ ձեռնարկությունը ճգնաժամային վիճակից դուրս բերելու համար՝ որոշակի միջոցառումներով և դրանք իրականացնելու ժամանակացույցով, անհրաժեշտ միջոցներով:
ՀՀ Նախագահի առաջարկի հետ կապված՝ Մաքսիմ Սոկոլովը նշել է, որ միջկառավարական հանձնաժողովի հովանու ներքո կկազմակերպվի ընկերության գործունեության աուդիտը՝ ներգրավելով փորձագետների, բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին, այդ ամենն իրականացնելով առավելագույնս բաց և թափանցիկ, որպեսզի աուդիտի արդյունքներով բոլորին հասկանալի և միանշանակ լինի իրավիճակը, և ոչ մեկի մոտ հարցեր չծագեն:
Մաքսիմ Սոկոլովը ՀՀ Նախագահին վստահեցրել է, որ երկու երկրների նախագահների կողմից տրվող հանձնարարականները և բոլոր այն առաջարկներն ու ծրագրերը, որոնք ներկայացվում են միջկառավարական հանձնաժողովին, կգտնվեն հանձնաժողովի մշտական ուշադրության ներքո և կիրականացվեն նախատեսված ժամկետներում: