▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեպտեմբերի 1-ը՝ քաղաքական գործիչների հիշողություններում

Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի օրը: Այն ազդարարում է նոր ուսումնական տարվա սկիզբը աշակերտների, ուսանողների և դասավանդողների համար: Սակայն տոնն առանձնահատուկ է հատկապես այն հազարավոր մանուկների համար, ովքեր առաջին անգամ են ոտք դնում դպրոց, որոնց համար սեպտեմբերի 1-ը դառնում է նոր կյանքի սկիզբ: Asekose.am-ը կապ հաստատեց մեր քաղաքական գործիչներից մի քանիսի հետ՝ պարզելու համար, թե ինչ հիշողություններ ունեն նրանք՝ սեպտեմբերի 1-ի հետ կապված:

Մեզ հետ զրույցի ընթացքում ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը շեշտեց, որ իր համար այս տոնը շատ առանձնահատուկ է եղել. «Սեպտեմբերի 1-ը միշտ իմ սիրելի օրերից մեկն է եղել, որին պատրաստվել եմ մեծ սիրով ու ոգևորությամբ: Այդ օրը ինձ համար իսկական տոն է եղել, որը յուրահատուկ զգացողություններ է առաջացրել իմ մեջ»:  Նա հավելեց նաև , որ Գիտելիքի օրվա հետ կապված ունի միայն վառ հիշողություններ, սակայն առանձնացնում է հատկապես վերջին սեպտեմբերի 1-ը դպրոցում. «Հիշողությանս մեջ տպավորվել է հատկապես դպրոցական վերջին սեպտեմբերի 1-ը, երբ առաջին դասարանցիներին դասարան ուղեկցելու «պարտականությունն» էինք ստանձնել: Շատ հուզիչ պահ էր բոլորիս համար, քանի որ բոլորս կարծես կանգնած էինք տոնը «կորցնելու» վտանգի առաջ, սակայն հետագայում հասկացանք, որ տոնը իրականում  մենք ենք տոն դարձնում, որ դա կարելի է անել նաև դպրոցի պատերից դուրս: Համալսարանական տարիներին էլ ինձ համար սեպտեմբերի 1-ը շարունակում էր մնալ տոն ու պահպանել իր կարևոր նշանակությունը»:

ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանի համար Գիտելիքի օրը խորհրդանշում են ծաղիկները. «Սեպտեմբեր 1–ն  իմ մեջ տպավորվել է որպես ծաղիկների տոն: Այդ օրվան տանը պատրաստվում էինք մեծ ոգևորությամբ: Շատ էի սիրում իմ առաջին ուսուցչուհուն, ուստի ցանկանում էի շատ օրիգինալ ծաղկեփունջ նվիրել: Այն ժամանակ՝ 80-ական թթ.-ին, լայն տարածում ունեին գլադիոլուսները, մեխակները, իսկ վարդը համարվում էր մեծ ճոխություն: Մենք անպայման փորձում էինք գտնել վարդեր, քանի որ երջանկահիշատակ ուսուցչուհիս շատ էր սիրում դրանք: 3 տարի շարունակ  ես նրան վարդեր էի նվիրում: Միշտ ասում էի, որ կգա մի օր, որ ես դպրոց կմտնեմ արդեն որպես ուսուցչուհի և կլինեմ հենց իմ առաջին ուսւոցուհու նման ու նրա պես ես էլ կստանամ մեծ քանակությամբ ծաղիկներ:» Առաջին սեպտեմբերի 1-ը Նաիրա Կարապետյանի համար դարձավ ամենահիշարժան օրերից մեկը. «Սեպտեմբերի 1-հետ կապված վառ հիշողություններիցս մեկն այն է, որ առաջին օրը ինձ դպրոցից տուն բերելու  էր եկել ամբողջ ընտանիքս: Հորաքույրս ինձ այդ օրը` միջոցառման ժամանակ, գիրք նվիրեց, ինչը ինձ շատ էր զարմացրել, քանի որ մենք ապրում էինք նույն տանը, բայց ես չգիտեի այդ անակնկալի մասին:»  Տիկին Կարապետյանը հիշում է նաև քրոջ զավեշտալի սեպտեմբերի 1-ը. «Առաջին դասից հետո նա տուն էր եկել՝ մտածելով, որ դասն ավարտվել է»:

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը դպրոցն ավարտել է ուղիղ 50 տարի առաջ. «Թեև սեպտեմբերի 1-ի հետ կապված հիշողություններս խամրել են, սակայն հիշողությանս մեջ վառ է մնացել առաջին ուսուցչուհուս՝ տիկին Աղեկյանի կերպարը»: Զրույցի ընթացքում նա նշեց նաև, որ բոլորի նման ինքն էլ դպրոցում ունեցել է սիրելի և ոչ այնքան սիրելի ուսուցիչներ, որոնց միշտ հիշում է. «Մեծ սիրով ու ակնածանքով եմ հիշում այն ուսուցիչներին, ովքեր խոր հետք են թողել  ինձ  վրա՝ հատկապես գրականության ուսուցչուհին, ով երբեք թույլ չէր տալիս կրկնել այն, ինչ գրված է դասագրքում: Հենց նրա՝ քննադատական մտածողության մեթոդներով դասավանդման շնորհիվ է, որ  ձևավորվեց աշխարհայացքս, որի համար պարտական եմ նրան: Սակայն նրա նման ուսուցիչների կողքին եղել են նաև այնպիսիներ, որոնց հետ կապված ունեմ միան վատ հիշողություններ»:

Asekose.am-ը շնորհավորում է կրթության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին՝ մաղթելով նրանց նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:

 

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին