«Շատ հետաքրքիր է նկատել, որ երեկ վարչապետի ընտանիքի անդամներից ևս մեկը մամուլին փորձեց դասեր տալ ու դեղին անվանել լրատվամիջոցներին, որոնք քննադատում են իրենց ընտանիքին։ Շատ զավեշտալի էր կարդալ», - այսօրվա ասուլիսում նշել է Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն՝ անդրադառնալով Մարիամ Փաշինյանի երեկվա գրառմանը։
Իսկ ասուլիսն, ընդհանուր առմամբ, նվիրված էր խնդրին, ըստ որի ՝ մի շարք լրատվամիջոցներ, Երևանի քաղաքապետարանից ուղարկված ծանուցման համաձայն՝ պետք է ազատեն Երևանի քաղաքապետարանին պատկանող տարածքը։
«Այս ամենը իշխանությունների վարած նույն տրամաբանության շրջանակներում է, ինչ մամուլի նկատմամբ տեղի է ունենում իշխանափոխությունից հետո մինչ օրս. հայտարարություններ, գրառումներ, հոխորտանքներ, մամուլի դեմ արշավ։ Սա ես դիտարկում եմ այդ քայլերից մեկը», - ասել է Սաթիկ Սեյրանյանը։