«Չուզելով եք գալիս, պարոն Զուրաբյան»,-մինչ ելույթի հնարավորություն կտար Լևոն Զուրաբյանին՝ ասաց ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը:
«Շատ էլ ուզելով եմ գալիս, Ձեր վրա դեռ խաբար չկա»,-պատասխանեց Լևոն Զուրաբյանը՝ սկսելով բուն ելույթը.
«Սահմանադրական փոփոխությունները նոր փուլ են թևակոխել: Նախնական հանրային քննարկումներն իշխանություներին ցույց են տալիս, որ խորհրդարանական սահմանադրական համակարգին անցնելու քողի ներքո սեփական միահեծան իշխանությունը պահպանելու Սերժ Սարգսյանի փորձը մերժվում է մեր հասարակության կողմից: Դրա վկայությունն են հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների, փաստաբանների կոլեգիայի 50 անդամների աննախադեպ հայտարարությունները, իսկ մեր հանդիպումները հաստատում են, որ ժողովուրդը ըմբռնել է պետականությանը վնասող այդ արկածախնդրության իրական դրդապատճառները և որևէ վստահություն չտածելով իշխանության նկատմամբ՝ «ոչ» է ասելու վերարտադրման նկրտումներին: Հետևաբար, վարչախումբը սկսել է կատարել քայլեր, որոնք միտված են ընտրակեղծիքների կտրուկ բարձրացմանը՝ «այո»-ի քարոզարշավի ղեկավար նշանակելով Հովիկ Աբրահամյանին:
Պատգամավորն, ապա, կոչ արեց մասնակցել հոկտեմբերի 30-ին կայանալիք հանրահավաքին, որտեղ կներկայացվի «ոչ»-ի ծրագիրը: