«Ես կարծում եմ` կինն անկախ մասնագիտությունից պետք է կանացի լինի։ Մեր սպորտաձևը չեմ առանձնացնում, քանի որ 2 ժամ պարապմունքը չի անդրադառնում մեր կանացիության վրա։ Հաճախ, փոքրիկ աղջիկները թյուր կարծիք ունեն ծանրամարտի մասին` իրենց թվում է, դրսում իրենց կոպիտ պահելը լավ կանդրադառնա պարապմունքների վրա, ինչն այդպես չէ։ Սպորտը բնավորության շատ լավ գծեր է դաստիարակում մարդու մեջ։ Չեմ կարծում, որ դա կարող է վատ անդրադառնալ արտաքինի վրա։ Մարզիկներն ունեն մկանային կառուցվածք, ինչը, իմ կարծիքով, շատ գեղեցիկ է։ Սպորտով զբաղվող կանայք ավելի ատլետիկ են, ինչը չի կարող անդրադառնալ իրենց պահվածքի, շփման և կանացի տեսքի վրա։ Ես երբևէ խնդիր չեմ ունեցել ապացուցել, որ կանացի եմ։ Ես այդպիսին եմ, որովհետև ինձ այդպես է դուր գալիս»,– նշեց մարզիկը։
Տանը Նազիկը աշխատում է միշտ լինել կնոջ դերում։ Նա նկատեց, որ որքան էլ կինն ուժեղ լինի, չպետք է դա կիրառի ընտանիքում, առավել ևս` ամուսնու հետ հարաբերություններում։ Խոսելով որդու` Վաչեի հետ հարաբերությունների մասին` Նազիկը նշեց, որ հիմա ամբողջ ժամանակը նրան է տրամադրում։ Երբ տղան վերադառնում է մանկապարտեզից, մայր ու որդի տարբեր խաղեր են խաղում, մարզվում։ «Տղաս շատ ակտիվ է ֆիզիկապես, ուժեղ ու ճկուն։ Միասին պարապում ենք ըմբշամարտ, կարատե, գիմնաստիկա։ Միայն ծանրամարտով չենք զբաղվում, այն էլ, որովհետև ձող չկա։ Բացի այդ, իր ցանկությամբ տարբեր խաղեր ենք խաղում»,– ասաց Նազիկը։
Ծանրամարտիկը առ այսօր իրեն մեղավոր է զգում որդու առաջ։ Մասնագիտական հաջողությունների համար Նազիկը մեծ զոհողությունների է գնացել։ «Երեխաս շատ էր տուժում իմ զբաղվածությունից։ Նրա ծննդից հետո սկսեցի մարզվել, տարվա ընթացքում 2-3 ամիս էի տեսնում փոքրիկիս, քանի որ ուսումնամարզական հավաքների էի լինում։ Շատ էի կարոտում նրան։ Դժվար էր։ Հիմա ուսումնամարզական հավաքների չեմ մասնակցում, թեթև մարզումների եմ գնում։ Վնասվածք ունեմ, բայց և փոքրիկիս թողնել չեմ ուզում։ Որքան էլ գիտակցեմ, որ հաջողություններս մեծ կլինեն, հիմա զգում եմ, որ դրանից առավել երեխաս ունի իմ կարիքը։ Փորձում եմ ժամանակս հատկացնել նրան, թեև խիստ կասկածում եմ, որ երբևէ կկարողանամ լրացնել մեկուկես տարվա բացը։ Դա թողնում է իր հետք։ Սպորտում հաջողությունների հասնելու համար պետք է համապատասխան զոհաբերությունների գնաս»,– նկատեց Նազիկը։
Ամբողջությամբ`սկզբնաղբյուր կայքում