Թատերարվեստի սիրելի գործիչներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ:
Հայ թատրոնը դարեր շարունակ հանդիսացել է հայոց մշակույթի ամուր սյուներից մեկը՝ միաժամանակ իր նշանակալի ավանդը բերելով համաշխարհային բեմարվեստի զարգացման գործին: Հայազգի բազմաթիվ տաղանդավոր դերասաններ ու ռեժիսորներ ոչ միայն մեր ժողովրդի, այլև աշխարհի շատ ժողովուրդների հպարտությունն են: Այսօր էլ բեմարվեստի մեր մշակները արժանիորեն շարունակում են թատերական մեր լավագույն ավանդույթները, ստեղծում նոր արժեքներ՝ նոր լիցք ու թարմություն հաղորդելով մեր մշակութային կյանքին: Համոզված եմ, որ նոր անուներ ու հպարտանալու առիթներ դեռ շատ ենք ունենալու:
Վստահեցնում եմ, որ մշակութային կյանքը Երևանի քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում է: Մենք շարունակելու ենք հոգ տանել յուրաքանչյուր լավ արվեստագետի համար: Ես հպարտ եմ, որ մեր քաղաքում կան տաղանդավոր մարդիկ և ես նրանց ժամանակակիցն եմ , արվեստի ականատեսն ու երկրպագուն:
Սիրելի բարեկամներ, ստեղծագործական նոր վերելք ու նվաճումներ եմ մաղթում բոլորիդ: Առողջ եղեք և շարունակեք արարել հանուն մեր ժողովրդի, մեր երկրի ու մեր սիրելի մայրաքաղաքի:
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ