Հայաստանի եզդիական համայնքի սիրելի քույրեր եւ եղբայրներ,
Ափսոսանքով ծանոթացա խոստումնալից, կարծում եմ նաեւ սրտացավ, բայց միեւնույն ժամանակ անփորձ երիտասարդ գործիչ Բորիս Մուրազիի հայտարարությանը:
Մի քանի նախադասությամբ անդրադառնամ իմ հասցեին հնչեցված «մեղադրանքներին», քանի որ նախընտրում եմ որեւէ հարց անպատասխան չթողնել: Այո, այս տարվա ընթացքում իմ ուշադրության կենտրոնում են եղել եզդի համայնքի ներկայացուցիչներին հուզող խնդիրները: Ես Ազգային ժողովում ընդունել եմ տարբեր երկրների եզդիական համայնքների պատվիրակություններին, այդ թվում՝ վերոնշյալ երիտասարդի ուղեկցությամբ խորհրդարան ժամանած խմբին:
Քաջատեղյակ լինելով նրանց կողմից առաջ քաշված բոլոր խնդիրներին՝ փորձել ենք համատեղ ջանքերով գտնել դրանց լուծումները: Առաջարկել եմ 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում եզդի ժողովրդի ջարդերի եւ կոտորածների բոլոր նյութերը տրամադրել «Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիային», որի նիստը տեղի է ունեցել այս տարվա ամռանը Երեւանում, ապա քննարկել այդ նյութերն Ազգային ժողովում: Ինձ հայտնի չէ նրանց կողմից նյութերն ասոցիացիային փոխանցելու փաստը:
Դատապարտելով Մերձավոր Արեւելքում եզդի մեր քույրերի եւ եղբայրների ֆիզիկական ոչնչացման փաստերը՝ առաջարկել եմ Ազգային ժողովում կազմակերպել եզդի ժողովրդի ջարդերի ցուցադրություն: Առաջարկս մնում է ուժի մեջ: Ուստի իմ «ստերի» մասին լուրերը չափազանցված են: Ինչպես նախկինում, այդպես էլ այժմ եւ հետագայում իմ գործունեության ուշադրության կենտրոնում կլինեն նաեւ եզդի իմ քույրերի եւ եղբայրների հիմնահարցերը: Շնորհակալ եմ, որ նրանք գնահատում են իմ ազնիվ եւ նվիրված աշխատանքը՝ պարգեւատրելով ինձ «Ուսուբ Բեկ» հուշամեդալով՝ հայ-եզդիական բարեկամության ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի եւ ներդրման համար:
Մնացեք խաղաղությամբ: Աստված բոլորիս պահապան:
Խորին հարգանքով՝
ՀՀ ԱԺ փոխնախագահ
ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ