ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը տարօրինակ է համարում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ իշխանությունները պետք է զերծ մնան շարժական արագաչափերի կիրառումից եւ նոր արագաչափ-տեսախցիկների տեղադրումից: Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց Էդուարդ Շարմազանովը:
«Ինձ համար տարօրինակ է, որ մենք՝ պատգամավորներս, չենք կարեւորում անվտանգ երթեւեկությունը: Արագաչափերի նպատակն է, որ կանոնակարգվի երթեւեկությունը: Բնականաբար, եթե նայենք ցանկություններին, կարող է շատ քիչ մարդ լինի, որ ցանկանա հարկ, տուրք վճարել: Այս տեսախցիկները երթեւեկության համար են ու շատ կարեւոր են»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառի) տոնի կապակցությամբ հուլիսի 12-ին ոստիկանությունը ուժեղացնելու է հսկողությունը Երեւան-Սեւան-Դիլիջան, Երեւան-Աշտարակ, Երեւան-Գեղարդ, ինչպես նաեւ Կոտայքի մարզի հանգստյան գոտիներ տանող ճանապահահատվածներում:
Նշված ճանապարհահատվածներում՝ հատկապես Երեւան-Սեւան եւ Սեւան-Երեւան ուղղություններում, առաջին անգամ կկիրառվեն շարժական լուսանկարահանող-արագաչափ սարքեր: