Համացանցային տեղական քննարկման գլխավոր թեման Շարլ Ազնավուրի դստեր կրոնափոխ լինելու լուրն է: Համացանցը հեղեղվել է այս տեղեկատվությամբ, օգտատերերն էլ ակտիվորեն քննարկում են այն: Թեմային անդրադառնալով, esyes.am-ն ներկայացրել է մի տեսանյութ, որը ժամանակին խմբագրությունը որոշել էր չհրապարակել՝ մինչ պաշտոնական պատասխան ստանալը: Վերջինը բավականին ձգձգվել է, քանի որ պետական գերատեսչություններում ընդունված երևույթ է, երբ զանգահարում ես մի հարցով ու քեզ այս բաժնից մյուս բաժնի համարն են տալիս...
Վերջին շրջանում քննարկվում է նաև Աննա Կոկչյանի կրոնափոխ լինելը: Նախկին հաղորդավարուհին esyes.am –ի հետ զրույցում ասել է, որ ինքը երբևէ որևէ կրոն չի ընդունել: «Կրոնափոխ լինելու համար նախ պետք է ինչ-որ կրոն ընդունել, ես ոչ մի կրոն երբևէ չեմ ընդունել,- ասել է Աննան և հավելել, որ հիմա էլ ոչ մի կրոն չի ընդունում, սակայն ուսումնասիրում է բոլոր կրոները:
-Ես մոլի հավատացյալ չեմ և ինձ քրիստոնյա չեմ համարում այն սկզբունքով, որ ծնվել եմ քրիստոնեական երկրում: Մինչև ես ինչ-որ հավատք չեմ ընդունում, ես այդ հավատքին չեմ ենթարկվում, -նշել է Աննան, իսկ հարցին՝ արդյո՞ք այլ հավատք է ընդունում և դրան ենթարկվում, նա հետևյալն է ասել. «Ես չեմ ընդունում, բայց առայժմ շատ լրջորեն ուսումնասիրում եմ բոլոր կրոններն ու հավատքի բոլոր տարբերակները»:
Եթե Աննայի խոսքերով՝ ինքը դեռ չի կողմնորոշվել, Շարլ Ազնավուրի դուստրը՝ Կատի Ազնավուրը, ամուսնանացել է մարոկացու հետ և իսլամ ընդունել: Այս մասին տեսանյութը Youtube-ում հայտնվել է դեռևս 2011 թվականի նոյեմբերի 3-ին: Ներկայացնում ենք այն Ձեր ուշադրությանը: