▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպման երեք անակնկալները

 

 

 

 

 

 

 

«Հանդիպումն իր հետ բերել է մի քանի անակնկալ: Առաջինն այն է, որ մինչ այդ հայտարարվել էր, որ իբրև այդ հանդիպման վերջնամասում մասնակցություն է ցանկանում ունենալ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, սակայն որքանով մենք հասկացանք, հանդիպումը եռակողմ էր: Այն տեղի է ունեցել առանց ԶԼՄ-ների ներկայացուցիչների և առանց կողմնակի մարդկանց` ուորլիքներն այդպես էլ մուտք չեն գործել: Սա անակնկալ է»,-Asekose.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը` անդրադառնալով երեկ Սանկտ Պետերբուրգում կայացած Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը:

 

 

 

 

 

 

 

Քաղաքագետի խոսքով` այս եռակողմ հանդիպումը պետք է առանձնացնել բոլոր նախորդ հանդիպումներից.

«Ռուսաստանը կարծես տարանջատում է իր նախաձեռնությունները, չնայած հայտարարվում է, որ սկզբունքների և փաստաթղթերի շրջանակը նույնն է: ՌԴ-ն կարծես առանձնանում է ԱՄՆ-ի դերակատարությունից»:

Շարունակելով հանդիպման անակնկալների թեման` Սերգեյ Շաքարյանցը նշեց.

«Երկրորդ անակնկալն այն է, որ եթե մենք հավատանք Սերգեյ Լավրովին, ապա նախագահները պայմանավորվել են, որ ԵԱՀԿ դիտորդների թիվն առաջնագծում պետք է ավելանա: Իմ կարծիքով`շուտով փակագծերը կբացեն, և կիմանանք, թե դա ինչ է նշանակում: Ըստ իս` դիտորդների ավելացումը, հավանաբար, պայմանավորված է հայաստանյան պահանջով, որպեսզի հրադադարի խախտումները  քննվեն և զննվեն հենց տեղում, և ըստ այդմ էլ` պարզ դառնա, թե ով է խախտողը: Այստեղ հարկ է նշել, որ 2011 թ.-ից Ադրբեջանը միշտ հրաժարվել է նման մոտեցումից»:

Ըստ քաղաքագետի` անակնկալները թվով երեքն են եղել.

«Ի տարբերություն Վիեննայի հանդիպման` երեք նախագահներն այս հանդիպմանը միասին էին նստած: Մինչ այդ էլ նախագահները մասնակցել էին հանդիպումների և բանակցությունների, սակայն ոչ ոք չի տեսել, որ նրանք նստեն և համատեղ տեքստ կազմեն:  Չեմ կարող ասել, թե որքանով կառուցողական է եղել նրանց զրույցը, բայց հնարավոր եղավ հանրությանը ներկայացնել, որ Սարգսյանը և Ալիևն ինչ-որ բան պայմանավորվել են: Մինչ այդ երեքով չէին նստել, համենայն դեպս` նման տեսանյութեր չեն եղել: Կարող ենք ենթադրել, որ առանձնազրույցի ընթացքում  ավելի բաց են բանակցել, սակայն ոչինչ դեռ հստակ չենք կարող ասել, քանի որ վկաներ չունենք: Մենք կարող ենք պարզապես կռահել, որ հնարավոր եղավ ամեն ինչ քննարկել մինչև վերջ, որովհետև որևէ մեկը չէր խանգարում նրանց, լեզվի խնդիրներ չունեին (թարգմանչի կարիք չկար), և նրանք, հավանաբար, կարողացել են բանակցել այն հարցերի շուրջ, որոնք սովորաբար մնում են հետնաբեմում»:

Իսկ այն դիտարկմանը, որ ըստ էության Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հայտարարությունները  ոչնչով չէին տարբերվում նախորդներից, քաղաքագետն ասաց.

«Դա նորմալ է: Նրանք կարող են նույն հայտարարությամբ հանդես գալ, ինչ նախորդ անգամ: Սա դերակատարության  բաժանում է, ամեն դեպքում այս ամենը կարող է նշանակել, որ կա ներքին պայմանավորվածություն, որ ամեն մեկը շարունակելու է հայտարարել այն, ինչ ասել է նախկինում»-իր խոսքը եզրափակեց Սերգեյ Շաքարյանցը:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին