▲ Դեպի վեր

Երկուշաբթի, 31.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Santé Arménie՝ Հանուն Հայաստանի առողջապահական համակարգի կայուն բարելավման

2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ստեղծված Santé Arménie-ն Հայաստանի  առողջապահական համակարգի բարելավմանը նպաստող ֆրանսիական կազմակերպություն է։ Այն իր հիմնական գործունեությունը ծավալում է Սյունիքում, որտեղ բուժօգնության հնարավորությունները շատ ավելի սահմանափակ են, քան մայրաքաղաք Երևանում։ Եվրոպացի կամավորների և հայ բուժաշխատողների համագործակցությամբ, Santé Arménie-ն, անվճար, բուժօգնության ծառայությունները հասցնում է Սյունիքի բնակիչներին՝ միաժամանակ վերապատրաստելով տեղի մասնագետներին և նպաստելով Հայաստանի առողջապահական համակարգի կայուն բարելավմանը։

Կազմակերպության գործունեությունը հիմնված է չորս հիմնական ռազմավարական ուղղությունների վրա՝

  1. Բժշկական ծառայությունների հասանելիություն և ենթակառուցվածքների զարգացում․ Santé  Arménie-ն Սյունիքի մարզում կիրառում է նորարարական առողջապահական լուծումներ՝ ի թիվս հեռավոր գյուղերի բնակչության բուժսպասարկման շարժական խմբերի, հոգեբանական աջակցության ծառայությունների, կան նաև վերականգնողական կենտրոններ, որոնք նյարդա- օրթոպեդիկ խնդիրներ ունեցող բուժառուներին տրամադրում են լիարժեք ամբողջական բուժում ։
  2. Բժիշկների վերապատրաստում և հմտությունների զարգացում․ Կազմակերպությունը եվրոպացի  փորձագետների կողմից մշակված վերապատրաստման բարձրակարգ ծրագրեր է առաջարկում հայ բուժաշխատողներին։ Դասընթացները հասանելի են ինչպես առցանց՝ Santé Arménie Medical Academy-կայքի միջոցով, այնպես էլ առներկա դասընթացների և գիտաժողովների ձևաչափով, իսկ դրանց մասնակիցներին տրամադրվում են պետականորեն վավերացված կրեդիտներ։
  3. Գիտական հետազոտություններ և նորարարություն․ Santé Arménie-ն խթանում է  ներհայաստանյան բժշկագիտական զարգացումը՝ ստեղծելով կլինիկական հետազոտությունների, կենսաբանական ռեսուրսների կենտրոններ և իմունո-օնկոլոգիայի լաբորատորիա Երևանում։
  4. Համագործակցություն տեղական կառույցների հետ․ ծրագրերի երկարաժամկետ կայունությունն ու ազդեցությունն ապահովելու համար եվրոպացի կամավորները սերտորեն համագործակցում են տեղական առողջապահական կառույցների հետ։

Ստեղծման պահից սկսած, Santé Arménie-ն իրականացրել է ավելի քան 100 բժշկական առաքելություն Հայաստանում և Արցախում՝ կամավոր մասնագետներ ներգրավելով Ֆրանսիայից, Բելգիայից, Շվեյցարիայից և Իսպանիայից ։

Այսօր կազմակերպությունն ունի 35 աշխատակից Հայաստանում, որոնք երաշխավորում են բուժօգնության բարձր որակը, եվրոպացի կամավորների աջակցությամբ ամրապնդում տեղական առողջապահական կարողությունները։

Դուք կարող եք աջակցել Santé Arménie-ի աշխատանքներին՝ կատարելով նվիրատվություն հետևյալ հղումով։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին