Այն, որ էլեկտրաէներգիայի սակագնի հերթական թանկացման հեռանկարը լուրջ դժգոհության առիթ պետք է դառնար, հասկանալի ու բնական է: Սակայն տարօրինակ է, որ ժամանակ առ ժամանակ նկատվում է միտում՝ երևույթը ուղղակիորեն կապել «Տաշիր գրուպի» և Սամվել Կարապետյանի անվան հետ: Կարելի է, իհարկե, ենթադրել, թե որտեղից և ինչու է փորձ արվում առկա վիճակի համար իրական մեղավորներին ստվերում թողնել և պատասխանատվությունը գցել կառույցի ու անհատի վրա, ով նույնիսկ տարրական տրամաբանությամբ ոչ մի առնչություն չունի ստեղծված ծանր կացության հետ:
Նախ, հարկ ենք համարում նշել, որ թե «Տաշիր գրուպի», թե Կարապետյանների ընտանիքի համար, բնականաբար, անցանկալի է սակագների բարձրացումը, քանզի առանց այդ էլ մեր երկրում առկա է բավական ծանր սոցիալական վիճակ, որն ավելի է բարդանալու էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով, առավել ևս այն չափով, որքան ներկայացված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ուղարկված հայտում: Սակայն մենք գործ ունենք մասնավոր կառույցի հետ, որն անցած տարիներին կուտակել է մոտ 250 մլն դոլարի պարտք՝ մեր կարծիքով մի շարք սուբյեկտիվ պատճառներով, որոնցից մի քանիսին կցանկանայինք անդրադառնալ: Առաջին պատճառը ոչ ճիշտ մենեջմենթն է, այնուհետև սխալ գնային քաղաքականությունը, չարդարացված մեծ կորուստները, ապա և՝ էներգետիկ սխալ բալանսը: Եվ ուղղակի զարմանալի է, թե ինչ կապ ունի «Տաշիր գրուպը» կամ Սամվել Կարապետյանը որևէ մասնավոր կառույցի կուտակած պարտքերի, ժամանակին այդ կառույցի առողջացմանն ուղղված քայլերի բացակայության կամ անարդյունավետության, առավել ևս ստեղծված անհեթեթ վիճակից դուրս գալու՝ մեզ համար բացարձակ անընդունելի միջոցի՝ սակագնի թանկացման հետ:
Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի գնման հավանականությանն ու դրա հետ կապված իբր սակագների բարձրացման պարտադրանքին, ապա նախ՝ ուղղակի ծիծաղելի է որևէ անհատի կամ կազմակերպության կողմից մեկ այլ մասնավոր կառույցին, առավել ևս կառավարությանը քայլեր թելադրելու հնարավորությունը: Մյուս կողմից, մենք ևս ՀԷՑ-երի հնարավոր վաճառքի մասին տեղեկություններին տիրապետում ենք բացարձակապես լրատվամիջոցների հրապարակումներից, որոնք առ այսօր չեն անցել «մեր ունեցած հավաստի տվյալներով» ձևակերպման սահմանը: Այնպես որ, ՀԷՑ գնման կամ նույնիսկ ցանկության մասին այս պահին խոսակցություն անգամ լինել չի կարող: Կլինի հայտարարություն այդ կառույցի վաճառքի մասին, այդ դեպքում ցանկացած կազմակերպություն կամ անհատ, այդ թվում՝ գուցե նրանք, ովքեր նման լուրեր են նետում հրապարակ, կարող է ուսումնասիրել՝ հասկանալու՝ որքանով է տնտեսապես ձեռնտու գնել ահռելի պարտքեր ունեցող միավորը և որոշելու՝ գնել այն, թե ոչ: Եվ եթե իսկապես ՀԷՑ-ի վաճառքի մասին որոշում կայացվի, գնորդն ուղղակի գնալու է շատ ռիսկային գործարքի՝ հաշվի առնելով առկա ծանրագույն կացությունը, կուտակված ահռելի պարքերն ու առավել ևս այն հանգամանքը, որ Ատոմային էլեկտրակայանը 2017 թվականին մոտ կես տարի չի աշխատելու, ինչը էներգետիկ բալանսի վրա լուրջ ազդեցություն է թողնելու: Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև հետգնման ժամկետների ու հավանականության չափազանց անորոշությունը, կառավարությունն ինքը պետք է շահագրգռված լինի գտնել այնպիսի գնորդ (կամ գնորդներ), որն ի վիճակի կլինի համակարգը դուրս բերել ճգնաժամից:
Այնպես որ, առաջին հերթին հարկավոր է մտածել ցանկացած երկրի համար ստրատեգիական նշանակություն ունեցող ցանցի առողջացման մասին, այլ ոչ թե այլոց մեղքերը փորձել բարդել ոչ ուղղակի, ոչ անուղղակի այդ ամենի հետ որևէ կապ չունեցող մարդկանց վրա և շեղել հասարակության ուշադրությունը: Իսկ թե ով ինչ է արել մեր երկրի ու մեր ժողովրդի համար, կարծում ենք, մեր բարձրաձայնելիքը չէ: Վստահ ենք, որ մեր հասարակությունը կամ գոնե նրա գերակշիռ մեծամասնությունը շատ լավ իրազեկ է թե Սամվել Կարապետյանի ու Կարապետյանների ընտանիքի և թե այլոց արած գործերից ու ադեկվատ գնահատելու ունակությամբ է օժտված:
ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակ