ԱԺ-ում քվերակության դրվեց երեկ քննարկված և Կառավարության կողմից ներկայացված «Եկամտային հարկի» մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին հարցը:
ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը նկատեց.
«Մեզ չի բացատրվել, թե այս օրենք ինչի համար է, ո՞նց կարելի է: Սա փաստորեն, աշխատուժի տեղաշարժման հարկ է: Սա հակասում է ԵՏՄ պայմանագրին, այն դուր չի գա ԵՏՄ անդամ պետություններին, սա խուլիգանություն է: Այս օրենքով դուք ուզում եք ասել, որ ոչ միայն ԵՏՄ-ն, այլև ԵՄ-ն չկա: Առաջարկում եմ չանել այս բանը, կփոշմանեք»:
Շարունակելով վերջինին՝ Լևոն Զուրաբյանն ասաց, որ գործերն այսպես չեն վարում. «Կառավարությունն անարգանք է ցուցաբերում ԱԺ-ի նկատմամբ: Վերջին օրով բերել են այս տնտեսական օրենքը՝ ժամանակ չտալով, որ մենք լուրջ քննարկենք այն: Կոչ եմ անում բոլորիդ, որ եթե արժանապատվություն ունենք, այս քվեարկությամբ մերժենք կառավարության նման գործելաոճը»:
«Արժանապատվությունից քիչ խոսեք»,-խոսքն ուղղելով Լևոն Զուրաբյանին՝ ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Իսկ քվեարկությունն, այնուամենայնիվ, տեղի ունեցավ.կողմ քվեարկեցին 65-ը, դեմ՝ 16, ձեռնպահ՝ 21-ը:
Հիշեցնենք, որ ըստ նախագծի՝ արտագնա աշխատանքի մեկնողները, որոնք պետք է աշխատեն շինարարական աշխատանքների վրա, պետք է պայմանագիր կնքեն ՀՀ-ում գործող որեւէ համապատասխան կազմակերպության հետ եւ հետագայում 13 տոկոս եկամտահարկը եւ 5 տոկոս շահութահարկը վճարեն ՀՀ պետբյուջե, այլ ոչ թե տվյալ երկրի բյուջե: