Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նախօրեին, երկար ընդմիջումից հետո, Աբովյան հրապարակի մոտով անցնելիս` դարձյալ անավարտ կենտրոն-թանգարանի շենքը տեսա` փնթի ու թափթփված միջավայրում` տձև կրպակների, ինչ-որ դիսպետչերանոցի, չորացած ծառերի, աղբի մեջ. Աբովյանի, Տերյանի, Թամանյանի, Մաթևոսյանի բարձր ու արժանավոր անունների հետ բացառիկ դիսոնանս:
Դավիթ Մաթևոսյանից տեղեկացա, որ կենտրոնի կառուցումը արդեն մեկ տարի է կասեցված է և Հայաստանի նոր կառավարության պատկան կոմիտեներն ու նախարարությունները պետական բյուջեով, կառավարության պատվերով կառուցվող մոտ մեկ միլիոն դոլար արժեքի կառույցը փողոցում են թողել և հեռացել: Պաշտոնական կամ ոչ պաշտոնական բոլոր գրություններն ու հանդիպումները զրո արդյունք են ունեցել: Մինչև հիմա մի շնչով հարցը լուծելու փոխարեն, Հայաստանի վարչապետն ու կառավարությունը անգործության ու ինչ -որ նամակագրության ու բացատրությունների դանդաղ գործընթացի մեջ են:
Չեմ հասկանում թե ինչ է կատարվում և ինչ տրամաբանությամբ, կամ տրամաբանության բացակայության ինչ սկզբունք է գործարկվել նոր Հայաստանում այս դեպքում: Մի կողմից փետրվարի 12-ը` գրողի ծննդյան օրը Մաթևոսյանից ցիտատով սկսող Փաշինյանը, մյուս կողմից կարծես թե շատ հանգիստ ու բնականոն է վերաբերվում կիսակառույց շենքի այս վիճակին, կառավարության ու ստորաբաժանումների անգործությանը: