ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում, որը մեկնարկելու է հունվարի 25-ին, իսկ 26-ին քննարկվելու են 2 խիստ հակահայ բանաձևերի նախագծեր: Մեկը «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» անվանումով զեկույցը, որը վերաբերում է ԼՂՀ Սարսանգի ջրամբարին, մյուսը՝ «Բռնության աճը ԼՂ-ում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» Ռ. Ուոլթերի բանաձևի նախագիծը, որով պահանջվում է հայկական զորքերը դուրս բերել Ադրբեջանի գրավյալ տարածքներից:
ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը 2 զեկույցն էլ վտանգավոր է համարում.
«Բարդ իրավիճակ է ու սա ձախողում չէ, խայտառակություն է: Ամեն ինչ միակողմանի է ու պարտադրված է Հայաստանին: Չեզոքության մասին անհնար է խոսել: Ավելին՝ բանաձևը ստի վրա է կազմված: Ուոլթերն ասում է, որ հղում է կատարում այն միակ բանաձևին, որը նվիրված է եղել Արցախի հարցին(2005 թ.): Իրականում, եթե ԵԽԽվ արխիվներում փնտրեր, կտեսներ, որ Արցախի վերաբերյալ եղել է ևս մեկ բացառիկ բանաձև՝ 1994 թվականի 10/47-ը, որը կոչվում էր «Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում»: Այս բանաձևում ԵԽԽՎ-ն Հայաստանին, Ադրբեջանին և ԼՂ-ին ոչ միայն որպես հակամարտության կողմեր է ճանաչում, այլ կոչերն ուղղում է 3 կողմերին, Ադրբեջանից և Թուրքիայից պահանջում է անմիջապես դադարեցնել Հայաստանի շրջափակումը: Այսպիսին է եղել մեր դիվանագիտությունը ու չգիտես ինչու՝ մեր իշխանությունն այս մասին չի հիշում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ պատգամավորը:
Լևոն Զուրաբյանի խոսքով՝ այս իրավիճակը ստեղծվել է Ադրբեջանի նավթադոլարային, խավիարային դիվանագիտության պատճառով, այն է՝ կաշառելը, լոբբիստական կենտրոնների ստեղծումը.
«Բազմիցս ասել եմ, որ ԵԽԽՎ-ում կան լուրջ պատգամավորներ, ովքեր ժողովրդավար են, ԵԽԽՎ-ի մարդու իրավունքների առաքելությանն են նվիրված ու վրդովված են Ադրբեջանի այս գործելաոճից, ու սպասում են միավորող ուժի: Ցավոք, Հայաստանի իշխանություններն այդ դերը չեն կարող կատարել պարզ պատճառով.նախ հեղինակություն չեն ներկայացնում, որովհետև իրենք սեփական երկրում են մարդու իրավունքները ոտնահարում ու չունեն ուժերին համախմբելու բարոյական հեղինակություն, չունեն նաև ինտելեկտուալ պոտենցիալ: Չկա վերլուծական միտք ունեցող ուժը, որ կարողանա արձագանքի ու վերջակետ դնի այս բանաձևերին: Ցավոք, մեր իշխանությունն ու որոշ պատվիրակներ չեն հասկանում, որ կարևորը գնալն ու ադրբեջանցիներին քլնգելը չէ: Դա որևէ նշանակություն չունի: Այդ սովորական, պրիմիտիվ քննադատությունը, ադրբեջանցիներին հայհոյելը վնաս է հասցնում Հայաստանին, լրիվ հակառակ արդյունքն է տալիս: Չեն հասկանում, որ ԵԽԽՎ-ի աշխատանքի հիմքում կարևորը բանաձևն է: Այս բանաձևերը հակասում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 4, ԵԱՀԿ-ի ընդունած բանաձևերին: Ինչո՞ւ սրա մասին չեն խոսում»,-նկատեց պատգամավորը:
Անի Կարապետյան